Հայաստանը շարունակում է լինել հյուրընկալ երկիր՝ փախստականների և ապաստան հայցողների համար, մինչ ամբողջ աշխարհում հակամարտությունների, բռնությունների և հետապնդումների հետեւանքով բռնի տեղահանվածների թիվը հասել է ռեկորդային մակարդակի: 2024 թվականի դեկտեմբերի դրությամբ՝ Հայաստանն ընդունել էր 140,260 փախստականի, փախստականի նման իրավիճակում գտնվող 4,124 անձի, եւ 981 ապաստան հայցողի։ 2024 թվականին գրանցվել է ապաստանի 663 նոր դիմում, իսկ ապաստան հայցողների ծագման առաջատար երկրներն են եղել Ուկրաինան, Իրաքը, Իրանը եւ Եգիպտոսը։
Հայաստանը հանդիսանում է Փախստականների կարգավիճակի մասին 1951 թ. կոնվենցիայի և Փախստականների կարգավիճակին վերաբերող 1967 թ. արձանագրության (այսուհետ՝ 1951 թվականի կոնվենցիա) և մարդու իրավունքների համապատասխան միջազգային փաստաթղթերի մասնակից պետություն։
Միջազգային իրավունքի այս գործիքները կիրարկվում են 2008 թ. «Փախստականների և ապաստանի մասին» օրենքով (Օրենք թիվ ՀՕ-211-Ն), որը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Օրենքը նախատեսում է փախստականի կարգավիճակի տրամադրում՝ 1951 թվականի կոնվենցիայի համաձայն: Ի հավելումն, զինված հակամարտությունները, զանգվածային բռնությունները, մարդու իրավունքների զանգվածային խախտումները և այլ իրավիճակները նույնպես հանդիսանում են փախստականի կարգավիճակի տրամադրման առարկա` համաձայն ազգային օրենսդրության: Այն նաև նախատեսում է պաշտպանություն հարկադիր վերադարձից, եթե առկա է խոշտանգումների և դաժան վերաբերմունքի այլ ձևերի վտանգ ծագման երկրում: Զանգվածային ներհոսքի դեպքում օրենքով կարող է կիրառվել ժամանակավոր պաշտպանության ռեժիմ։
2023 թ. սեպտեմբերին ղարաբաղյան հակամարտության սրումից հետո շուրջ 115,000 մարդկանց ներհոսքին արձագանքելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունել է «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ժամանակավոր պաշտպանության մասին» թիվ 1864 որոշումը, որի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թ. դեկտեմբեր։
Ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի հիման վրա ճանաչվում են որպես փախստական՝ խմբային որոշման հիման վրա, առանց դիմելու անհրաժեշտության, և օգտվում են Հայաստանի օրենսդրությամբ փախստականներին տրված բոլոր իրավունքներից։
Ապաստան հայցողների իրավունքների և պարտականությունների մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ ՄԱԿ ՓԳՀ «Help Armenia» վեբկայքից, հետեւյալ հղումով «Ապաստան հայցողների իրավունքները և պարտականությունները»։