ՄԱԿ ՓԳՀ լոգո
  • Նվիրաբերել
ՄԱԿ ՓԳՀ լոգո
  • Որոնել
  • Հայաստան
  • Մենյու

Ընտրել այս բաժնի լեզուն

English Հայերեն

Ընտրել գլոբալ վեբկայքի լեզուն

English Français Español عربي
Ընտրել երկրի վեբկայք
  • Նվիրաբերել
  • Մեդիա կենտրոն

Տարածել

Facebook Twitter Telegram
  • Մեր մասին
    • Մանդատ և նպատակներ
    • ՄԱԿ ՓԳՀ պատմություն
    • Գերագույն հանձնակատար
    • Ներկայացուցիչը Հայաստանում
    • Կապ
  • Ինչ ենք անում
    • Ամփոփ թվեր
    • Մարդասիրական արձագանք
    • Ընթացիկ ծրագրեր
    • Ապաստան եւ պաշտպանություն
    • Կենսապահովման ծրագրեր և ինտեգրում
  • Ում ենք օգնում
    • Փախստականներ եւ ապաստան հայցողներ
    • Փախստականի իրավիճակում գտնվող անձինք
    • Քաղաքացիություն չունեցող անձինք
    • Ստանալ օգնություն
  • Գործընկերներ
    • Պետական կառույցներ
    • Իրականացնող գործընկերներ
    • ՄԱԿ-ի գործակալություններ
    • Այլ գործընկերներ
    • Դոնորներ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Պատմություններ
    • Հարցազրույցներ
    • Տեսանյութեր
  • Փաստաթղթեր
    • Տեղեկանքներ եւ ամփոփումներ
    • Օժանդակության մոնիթորինգի զեկույցներ
    • Փախստականներին եւ ապաստան հայցողներին վերաբերող փաստաթղթեր
  • Ներգրավվել
    • Աշխատատեղեր և գնումներ
    • Դառնալ կամավոր
    • Փախստականների համաշխարհային օր
Որոնել ՄԱԿ ՓԳՀ
Ավարտել որոնումը
 
  • Սկիզբ

Հայաստանում իրաքցի փախստականները դիմակայում են ՔՈՎԻԴ-19-ի հետևանքով ստեղծված արտակարգ վիճակին

Չնայած կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակի հետևանքներին, որոնք ավելացել են տեղահանված լինելու խնդիրներին, իրաքցի փախստական ընտանիքը լավատեսորեն է տրամադրված՝ փորձելով Հայաստանում ավելի լավ ապագա կերտել։

2 Aug 2020

Greenery at Iraqi refugees home, Yerevan, Armenia © UNHCR/Areg Balayan

Հույսի խորհրդանիշ բույսերն իրաքահայ փախստականների տանը © UNHCR/Areg Balayan

Հայաստանում ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ, մի ամառային անձրևոտ օր, այցելեցինք Իրաքից փախստական մի ընտանիքի՝ Օսանա Տեր-Թավեթյանին (38 տ.), նրա ամուսնուն՝ Գարո Դադուրյանին (50 տ.), և նրանց երեխաներին՝ Մաթևոսին (15 տ.) և Լիանային (10 տ.)։ Ինչպես մնացած բոլոր տեղահանված և տեղացի ընտանիքները, Օսանան և Գարոն նույնպես փորձում են դիմանալ օրեցօր աճող դժվարություններին՝ հուսալով, որ մի օր այս սահմանափակումները վերջ կունենան։

Տան աստիճաններով բարձրանալիս մտածում էինք՝ ինչպե՞ս գոտեպնդել և ուրախացնել նրանց. գուցե տեղեկացնել այն մասին, որ շուտով նրանց ընտանիքին կտրամադրվի ՄԱԿ ՓԳՀ-ի մարդասիրական աջակցությունը՝ փոքր-ինչ թեթևացնելու համավարակի հետևանքները, կամ էլ Լիանայի համար մեր տարած խաղալիք արջուկո՞վ։ Արդեն պատրաստ էինք տխուր դեմքեր տեսնել, ականջ դնել նրանց անթիվ-անհամար խնդիրներին, սակայն դուռը բացվեց, և մեզ դիմավորեցին դիմակ դրած ուրախ դեմքեր։ Տուն ոտք դնելու առաջին իսկ պահից մեզ պարուրեց անկեղծ ու ջերմ հյուրընկալության մթնոլորտը։ Բնակարանը փոքր էր, բայց հարմարավետ, պատված բույսերի և ծաղիկների բազմաթիվ թաղարներով, որոնց շնորհիվ բնակարանը փոքրիկ տնային պարտեզի էր վերածվել։

«Մենք ձեզ սպասում էինք, ինչ լա՛վ է, որ եկաք։ Երեխաները շատ ոգևորվեցին, երբ իմացան, որ վերջապես հյուրեր ենք ունենալու», – ասաց Օսանան՝ առաջնորդելով մեզ հյուրասենյակ։

Ընտանիքն Իրաքից Հայաստան է տեղափոխվել 2018 թվականին, իսկ նրանց հարազատները շատ ավելի վաղ էին տեղափոխվել՝ 2004 թվականին, երբ ավելի քան 1,500 իրաքաբնակ հայեր, Իրաքից փախչելով, ապաստանել էին Հայաստանում։

Հարսանեկան լուսանկար, որը իրաքցի փախստականներն իրենց հետ բերել են Հայաստան © UNHCR/Areg Balayan

Հարսանեկան լուսանկար, որը իրաքցի փախստականներն իրենց հետ բերել են Հայաստան © UNHCR/Areg Balayan

«Մենք ամուսնացել և երեխաներ ենք ունեցել պատերազմի ժամանակ։ Երկար տարիներ տատանվելով Հայաստան գալու և Իրաքում մնալու որոշումների միջև՝ վերջապես մեկ օրում գալու որոշում կայացրեցինք, քանի որ արդեն չափազանց վտանգավոր էր մնալ Բաղդադում», – ասաց Գարոն։ «Երեխաները չէին կարողանում դպրոց գնալ, ռումբերն արդեն մեր տան շրջակայքում էին պայթում, մի քանի անգամ ինքներս հազիվ փրկվեցինք կրակոցներից», – շարունակում է Օսանան՝ ձայնի մեջ սարսափ։

Հայկական արմատներով ընտանիքը ցամաքային ճանապարհով Հայաստան հասավ՝ ի վերջո խաղաղություն և անվտանգություն գտնելով իրենց ու երեխաների համար։ «Սկզբնական շրջանում դժվար էր։ Ֆիզիկապես այստեղ էինք, բայց մտովի՝ Բաղդադում։ Ամեն ինչ թողեցինք հետևում՝ մեր հայրական տունը, արհեստանոցը, մեր ունեցվածքը», – ասում է Գարոն, իսկ Լիանան արձագանքում՝ «…նաև մամայի բաղադրատոմսերի տետրը, նրա օրագրերը և ընտանեկան լուսանկարների ալբոմները»։

Մենք նրանց այցելեցինք Երևանի արվարձաններից մեկում վարձակալած բնակարանում։ Փախստականի կարգավիճակ ստանալուց հետո ապաստանի և փախստականների հարցերով զբաղվող պետական մարմինը՝ Միգրացիոն ծառայությունը, նրանց ներառել է բնակարանային վարձի սուբսիդավորման ծրագրում, իսկ ՄԱԿ ՓԳՀ-ն իր գործընկերոջ՝ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի միջոցով դրամական և մարդասիրական աջակցություն է տրամադրել՝ օգնելով ընդգրկվել առողջապահության պետական համակարգում, իսկ երեխաներին՝ դպրոցում։

Ավանդական թխվածք ու ձեռքի աշխատանք՝ պատրաստված իրաքահայ փախստականների կողմից © UNHCR/Areg Balayan

Ավանդական թխվածք ու ձեռքի աշխատանք՝ պատրաստված իրաքահայ փախստականների կողմից © UNHCR/Areg Balayan

Ընտանիքը պատրաստվում էր փոքր ընտանեկան ձեռնարկություն բացել, երբ ՔՈՎԻԴ-19 համավարակը վրա հասավ։ «Իրաքում տասը տարի խոհարար եմ աշխատել։ Շատ եմ սիրում եփել ու թխել, և Բաղդադում բազմաթիվ հաճախորդներ ունեի», – ասում է Օսանան։ «Սիրով պատրաստ եմ սովորել՝ խոհարարական հմտություններս կատարելագործելու համար», – շարունակում է Օսանան՝ նկարագրելով այն ուտեստները, որոնք անցած տարվա խոհարարական դասընթացներին է սովորել պատրաստել։ «Նա մեծ սիրով հայաստանցի տնային տնտեսուհիների հետ կիսվում է իր տատիկի գաղտնի բաղադրատոմսերով, բացատրում համեմունքների նշանակությունը, այն բոլոր համերի գաղտնիքները, որոնք օգտագործում է իր թխվածքները պատրաստելիս», – հպարտությամբ հավելում է Գարոն՝ մեզ հյուրասիրելով իր կնոջ պատրաստած թխվածքները։ «Երանի նոր ցուցահանդես-վաճառք լիներ. հենց այնտեղ ես գտա իմ առաջին հաճախորդներին», – հոգոց հանելով Օսանան վերհիշում է Երևանում տեղի ունեցած առաջին բացօթյա փառատոնը, որին մասնակցեց անցած տարի։

Սեղանին կարի մեքենա նկատելով՝ հարցրինք, թե արդյոք դերձակի հմտությունների ևս տիրապետում է։ «Այո, այս մեքենան Բաղդադից եմ բերել։ Ամուսնուցս թաքուն մի կերպ տեղավորեցի ավտոմեքենայում», – խորամանկ ժպիտով ասում է Օսանան։ «Կարի մեքենան կյանք փրկող գործիք է. շատ հայ կանայք իրենց հյուրընկալող երկրներում կարուձևով են եկամուտ վաստակում», – ասում է Օսանան և պատմում իր տատիկի պատմությունը, որն ընտանիքով Արևմտյան Հայաստանից Իրաք է փախել։

Կարի մեքենան Օսանային օգնում է ընտանիքի գոյատևման համար որոշ գումար վաստակել © UNHCR/Areg Balayan

Կարի մեքենան Օսանային օգնում է ընտանիքի գոյատևման համար որոշ գումար վաստակել © UNHCR/Areg Balayan

Նրանց տասնամյա դուստրը՝ Լիանան, որն սկզբում ամաչում էր խոսել, աստիճանաբար զվարթանալով՝ պատմում է իր առօրյա կյանքի, դպրոցի և նոր ընկերների մասին։ «Հաճելի է մայրիկի հետ ամբողջ ժամանակ տանն անցկացնել, բայց դպրոցն էլ եմ շատ կարոտում։ Նոր-նոր էի սկսել ընկերանալ դասարանցիներիս և հարևան աղջիկների հետ, երբ կորոնավիրուսը սկսվեց», – ասում է նա։

ՔՈՎԻԴ-19-ի արտակարգ դրության պայմաններում Լիանան վայելում է ընտանեկան ներդաշնակությունը, բայց ընկերներին շատ է կարոտում © UNHCR/Areg Balayan

ՔՈՎԻԴ-19-ի արտակարգ դրության պայմաններում Լիանան վայելում է ընտանեկան ներդաշնակությունը, բայց ընկերներին շատ է կարոտում © UNHCR/Areg Balayan

«Հիմա, այս տաք ու սիրուն եղանակին շատ եմ ուզում բակ իջնել, խաղալ, բայց մայրիկս թույլ չի տալիս։ Ամբողջ ժամանակ պատուհանից դուրս եմ նայում, բայց անձրևից հետո բողբոջող ծառերից ու կանաչ խոտից բացի ոչինչ չեմ տեսնում», – ասում է Լիանան և ծիծաղկոտ ժպիտով ավելացնում. «բայց տեսե՛ք, մեր տունն ավելի կանաչ է»։ Եվ իսկապես՝ տունն ասես ծաղկաստան ու պարտեզ լինի։ «Այս ծաղիկները հանգստացնող ազդեցություն ունեն, հատկապես արգելափակման այս դժվարին օրերին։ Մեզ ավելի խաղաղ ու հանգիստ ենք զգում», – ասում է Օսանան։ «Նրանք մշտական խնամքի և ուշադրության կարիք ունեն, ինչն էլ մեզ անընդհատ զբաղված է պահում», – ասում է Կարոն՝ ջրելով կծու պղպեղի սածիլը։

Սենյակի անկյունում մի մեծ գործիք նկատեցինք և չկարողանալով զսպել մեր հետաքրքրասիրությունը՝ հարցրեցինք այդ մասին։ «Իմ էլեկտրոնային դաշնամուրն է, որը մեզ հետ Բաղդադից մինչև Հայաստան ճանապարհ է կտրել», – ասաց Գարոն։ «Ես ձևացրի, իբր չեմ տեսնում, թե ինչպես է Օսանան իր կարի մեքենան մեքենայի թափքում տեղավորում, իսկ նա գաղափար անգամ չուներ այն մասին, որ իմ դաշնամուրն արդեն հարմար տեղավորվել էր այնտեղ», – ուրախ ժպիտով ավելացնում է Գարոն։ Շատ չանցած՝ գործիքն արդեն հանվել էր պատյանից, և Գարոն մեզ համար մի գեղեցիկ հայկական մեղեդի էր նվագում։

Գարոն իր էլեկտրոնային դաշնամուրով ավանդական հայկական մեղեդի է նվագում © UNHCR/Areg Balayan

Գարոն իր էլեկտրոնային դաշնամուրով ավանդական հայկական մեղեդի է նվագում © UNHCR/Areg Balayan

«Հին ու բարի ժամանակներում, Բաղդադի մեր համայնքային ակումբում գեղեցիկ համերգներ էինք կազմակերպում։ Գարոն նվագում էր, ես՝ երգում։ Հիմա այդ ամենից հիշողություն է մնացել և լուսանկարների մի ալբոմ, որը կարողացանք մեզ հետ բերել», – հոգոց հանելով՝ Օսանան մեզ ցույց է տալիս իրենց համար այնքան թանկ ընտանեկան լուսանկարները։

Տասնհինգամյա Մաթևոսը՝ Գարոյի և Օսանայի որդին, իր ծնողների պես հյուրասեր է։ Նա մեզ թեյ է հյուրասիրում, զրուցում իր հետաքրքրությունների, հատկապես՝ տեխնոլոգիաների նկատմամբ ունեցած իր ազարտի մասին։ Նա հաճախում է Երևանի ԹՈՒՄՈ տեխնոլոգիական կենտրոն, որն արտակարգ դրության ժամանակ անցավ առցանց ուսուցման։ «Ափսոս՝ կարգին համակարգիչ չունեմ դասերին մասնակցելու համար, իսկ հեռախոսս էլ շատ հին է», – տխրությամբ նշում է Մաթևոսը, ապա ավելացնում ժպիտով, – «իսկը զավեշտ է՝ այսքան հետաքրքված լինելով համակարգչով՝ նույնիսկ մի կարգին համակարգիչ չունեմ»։

Մաթևոսը երազում է հզոր համակարգիչ ունենալ, որով կկարողանա ԹՈՒՄՈ տեխնոլոգիական կենտրոնի առցանց դասերին մասնակցել © UNHCR/Areg Balayan

Մաթևոսը երազում է հզոր համակարգիչ ունենալ, որով կկարողանա ԹՈՒՄՈ տեխնոլոգիական կենտրոնի առցանց դասերին մասնակցել © UNHCR/Areg Balayan

Սա մեր հանդիպած ամենահետաքրքրական ընտանիքներից մեկն էր. այնքան շատ հմտություններ և հետաքրքրություններ ունեին, անչափ շփվող ու մարդամոտ էին։

«Կյանքը վարդերի պարտեզ չէ։ Երբեմն շատ դժվար է, բայց երբեք չպետք է հուսահատվել։ Աշխարհում ամենակարևոր բաները խաղաղությունն ու համերաշխությունն են։ Մենք լավ հարևաններ ունենք և երբեք միայնակ չենք զգում։ Մեր երեխաները դպրոց են գնում և տեղացի երեխաների հետ ընկերություն անում», – ոգևորված ասում է Օսանան։ «Պետությունից, ՄԱԿ ՓԳՀ-ից և իր գործընկեր ՀԿ-ներից՝ «Առաքելություն Հայաստան»-ից, Հայկական կարմիր խաչի ընկերությունից, «Վորլդ Վիժնից» և այլ կազմակերպություններից ստացված աջակցությունն օգնում է մեզ հաղթահարել դժվարությունները և բավարարել օրվա կարիքները», – ավելացնում է Օսանան և ջերմությամբ գրկում երեխաներին։ «Եվ հիգիենա՛ն։ Դա չափազանց կարևոր է այս օրերին», – արձագանքում է Լիանան՝ ցույց տալով միջանցքի դարակին դրված ձեռնոցները և թաց անձեռոցիկների տուփը։ «Տեսե՞լ եք մայրիկի գյուտը, թե ինչ յուրահատուկ դիմակներ է պատրաստում», – հանկարծ բացականչեց Լիանան։

Օսանան՝ իր պատրաստած նորարարական դիմակով © UNHCR/Areg Balayan

Օսանան՝ իր պատրաստած նորարարական դիմակով © UNHCR/Areg Balayan

Երեխաներն Օսանային համոզում են ցույց տալ իր գյուտը՝ թաց անձեռոցիկների երեք շերտից բաղկացած և եզրային հատվածներում կտրվածքներով դիմակը։ «Դիմակս դնում եմ և խանութ գնում։ Վաճառողները զարմացած նայում են ու հարցնում, թե որտեղից եմ գնել։ Մինչև փոքրիկ գաղտնիքս չեմ բացում, ոչ ոք գլխի չի ընկնում», – ծիծաղելով պատմում է Օսանան։ «Իր դիմակների շնորհիվ գնալով ավելի հայտնի է դառնում», – հպարտությամբ ասում է Գարոն:

Շատ դժվար էր հրաժեշտ տալ այս ընտանիքին, նրանց հարմարավետ տանը և այն մթնոլորտին, որը վայելեցինք այնտեղ գտնվելու ողջ ընթացքում։ Հրաժեշտ տալուց առաջ լուսանկարեցինք նրանց՝ որպես Հայաստանում նոր տուն ստեղծած իրաքցի փախստական ընտանիքի նոր կյանքի խորհրդանիշ։

Օսանայի և Գարոյի ընտանեկան լուսանկարը © UNHCR/Areg Balayan

Օսանայի և Գարոյի ընտանեկան լուսանկարը © UNHCR/Areg Balayan

Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով

 

  • Մեր մասին
  • Ինչ ենք անում
  • Ում ենք օգնում
  • Գործընկերներ
  • Լուրեր
  • Փաստաթղթեր
  • Ներգրավվել

© UNHCR 2001-2023

  • Թեժ գիծ 0 8000 0025
  • Աշխատատեղեր և գնումներ
  • Կապ
  • Օգտվելու կարգ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Հետեւել