Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործառնությունների գլխավոր տնօրինության՝ (DG ECHO) Եվրոպական հարևանության, Մերձավոր Արևելքի, Հարավ-Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ղեկավար պ-ն Անդրեաս Պապակոնստանտինուի առաքելության նպատակն էր տեղում ծանոթանալու փախստականներին պաշտպանության և աջակցության ոլորտում տեղական իշխանությունների և գործընկերներ կազմակերպությունների համատեղ ջանքերի ազդեցությանը ու ընդունող համայնքների կարիքներին:
Մասիսի համայնքապետարանն ընդունեց Եվրոպական միության մարդասիրական օգնության կազմակերպությանը (ECHO), ՄԱԿ ՓԳՀ-ին և գործընկեր կազմակերպություններին ©Մասիսի համայնքապետարան
Եվրոպական միության բարձրաստիճան պաշտոնյաների այցն ընդգծեց այս համատեղ նախաձեռնությունների կարեւորությունը՝ օգնելու փախստականներին, որպեսզի նրանք վերակառուցեն իրենց կյանքն ու ինտեգրվեն Մասիս եւ մյուս համայնքներում։
Արարատի մարզում գտնվող, 76,751 բնակչություն ունեցող (այդ թվում՝ 6,500 փախստական Լեռնային Ղարաբաղից, որոնցից՝ 3,213 տղամարդ և 3,287 կին) Մասիս խոշորացված համայնքը գրկաբաց ընդունել և աջակցություն է ցուցաբերել տեղահանված ընտանիքներին։ Չնայած մարտահրավերներին, Մասիսն օգնության ձեռք է մեկնում, հույս և տոկունություն ներշնչում տեղահանված ընտանիքներին։
Պ-ն Պապակոնստանտինուն՝ ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (ՄԱԿ ՓԳՀ), «Մարդը կարիքի մեջ», «Աշխարհի բժիշկներ» և «Առաքելություն Հայաստան» գործընկերներ կազմակերպությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ 2025 թ․ հունվարի 22-ին այցելեց Մասիս համայնք՝ ուսումնասիրելու ECHO-ի և այլ նվիրատու կառույցների կողմից ֆինանսավորվող ծրագրերի ազդեցությունը, ինչպես նաև տեղահանված անձանց տրամադրվող շարունակական մարդասիրական աջակցությունը, ներառյալ՝ փախստականների պաշտպանության մշտադիտարկումը, սոցիալ-հոգեբանական աջակցությունը և իրավական խորհրդատվությունը, դեպքերի վարումը և տեղահանված անձանց ներգրավվածությունը համայնքներում։ Առաքելությունը նպատակ ուներ նաև հասկանալ տեղահանված անձանց և ընդունող համայնքի առկա կարիքները և քննարկել Մասիսում հետագա մարդասիրական գործունեության ուղիները:
Մասիսի համայնքի ղեկավարի տեղակալ պ-ն Նորայր Հակոբյանը ջերմորեն ընդունեց պ-ն Պապակոնստանտինուին և ներկայացրեց տեղահանված ընտանիքների մերկա վիճակը, նրանց հաջողություններն ու խնդիրները։ Կողմերը քննարկեցին նաև համայնքում հնարավորությունների և այդ համատեքստում՝ մարդասիրական նոր ծրագրերի հնարավորությունները։
Պ-ն Հակոբյանը, ով կանգնած է եղել միասնական ջանքերի առաջնագծում, օգնել է համակարգել հիմնական ծառայությունների հասանելիությունը, փախստականներին հրատապ օգնությունը, ապաստանն ու սնունդը և անհապաղ բուժօգնությունը։
«Մասիս համայնքը գրկաբաց ընդունել եւ առաջնային օգնություն է ցուցաբերել շուրջ 14,000 տեղահանված ընտանիքների, սատար կանգնել նրանց այն դժվարին պահին»,- ասաց Հակոբյանը։ «Համատեղ գործողությունների և շարունակական համագործակցության միջոցով մենք կարողացել ենք իրական փոփոխություն մտցնել տեղահանված անձանց կյանքում: Մենք խորապես գնահատում ենք Եվրոպական Միության գործընկերությունն ու աջակցությունը։ Այն կարեւորագույն նվիրատու կառույց է Մասիսի եւ ողջ Հայաստանի համար, միշտ կանգնած փախստականների և ընդունող համայնքների կողքին»:
Պ-ն Պապակոնստանտինն իր հերթին ընդգծեց տեղահանված անձանց խնդիրների լուծման գործում միասնական ջանքերի կարեւորությունը: «Մասիս համայնքի հյուրընկալությունն ու տոկունությունն իսկապես ոգեշնչող է»,- ասաց նա: «Եվրոպական միությունը հավատարիմ է մնում խոցելի տեղահանված անձանց մարդասիրական աջակցություն ցուցաբերելու իր հանձնառությանը: Մենք կարեւորում ենք տեղական իշխանությունների, մարդասիրական կազմակերպությունների եւ զարգացման գործակալությունների միջեւ համագործակցությունը: Միասնական ուժերով մենք կարող ենք օգնել տեղահանված ընտանիքներին իրենց կյանքը վերականգնել եւ արժանապատվորեն ապրել։ Բոլոր դերակատարների ներգրավվածությունն ու համերաշխությունը կարեւոր են տեւական ազդեցություն ունենալու համար»,- նշեց ECHO-ի բարձրաստիճան ներկայացուցիչը։
ԵՄ Մարդասիրական աջակցության կազմակերպության տնօրենը դիտարկում է Մասիսի համայնքապետարանի երիտասարդական կենտրոնին՝ ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից տրամադրված տեխնիկական աջակցությունը։ ©UNHCR/Kiri Atri
Հայաստանում ԵՄ մարդասիրական հարցերով փորձագետ պ-ն Նիկոլա Լուին շեշտեց ծառայություններ մատուցողների, մասնավորապես՝ սոցիալական աշխատողների եւ հոգեբանների կարեւոր աշխատանքը: «Համայնքի իրազեկումը եւ դեպքերի կառավարումը կարեւոր նշանակություն ունեն ռիսկի գոտում գտնվողների հատուկ կարիքները բացահայտելու եւ մեղմելու համար: Անհրաժեշտ է նրանց տրամադրել այն խնամքն ու աջակցությունը, որոնց նրանք ապավինում են», – ասաց նա։ «Դեպքերի արդյունավետ վարման դերն առանցքային է խոցելի անհատների անվտանգությունն ու բարեկեցությունը ապահովելու համար։ Մեր ուշադրության կենտրոնում մշտապես պետք է լինեն այնպիսի խոցելի խմբեր, ինչպիսիք են կնոջ գլխավորությամբ տնային տնտեսությունները, միայնակ տարեցներն ու հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր մեկուսացված ապրում են հեռավոր բնակավայրերում՝ ծառայությունների եւ սոցիալական կյանքի սահմանափակ հասանելիությամբ։»
«Փախստականների պաշտպանությունը հավաքական ջանք է պահանջում», – ասաց ՄԱԿ ՓԳՀ Արտաքին կապերի ղեկավար պ-ն Կիրի Ատրին: Շնորհակալություն հայտնելով ՀՀ կառավարությանը, ԵՄ-ին եւ քաղաքացիական հասարակությանը՝ տեղահանված անձանց ժամանակին աջակցություն ապահովելու համար, նա մասնավորապես նշեց. «Անհրաժեշտ են հավաքական ջանքեր՝ աջակցելու փախստականներին եւ նրանց ընդունող համայնքներին։ Դժվարին պահին օգնության ձեռք մեկնելը, նրանց կողքին լինելն ու սփոփելը մեր աշխատանքի հիմքն են»:
Մասիս քաղաքում պ-ն Պապակոնստանտինուն այցելեց նաեւ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ձեռներեց, հրուշակագործ Զինա Սահակյանին, ով հիացրեց նրան իր տոկունությամբ եւ լավատեսությամբ: 2023 թվականի սեպտեմբերին ընտանիքի հետ Հայաստան տեղափոխվելուց հետո Զինան կարողացել է հաղթահարել տեղահանման դժվարությունները, եւ իր տասնմեկ հոգանոց ընտանիքին աջակցելու մեծ ձգտումով իր մեջ ուժ գտել՝ Մասիս քաղաքում հրուշակեղենի փոքրիկ արտադրամաս-խանութ հիմնելու: Զինան պատմում էր իր աշխատանքային առօրյայի, իր կյանքի մասին, կիսվում խնդիրներով եւ հաջողություններով՝ շնորհակալություն հայտնելով համայնքին՝ աջակցության ու քաջալերանքի համար։
«Սա միայն ապրուստ վաստակելու միջոց չէ. այն մեր ապագայի, նոր կյանքի գրավականն է, որ մեզ հույս է ներշնչում»,- ասաց Զինան: «Ցավոք, կացարանը դեռեւս խնդիր է. բնակարանի եւ արտադրամասի համար վարձ եմ վճարում, սակայն հույս ունեմ, որ մի օր մենք մեր սեփական տունը կունենանք Մասիսի այս հյուրընկալ համայնքում։»
Պ-ն Պապակոնստանտինուն՝ Զինայի հետ, Մասիսում իր նորաբաց փոքրիկ արտադրամասում ©UNHCR/Kiri Atri
ՄԱԿ ՓԳՀ, «Մարդը կարիքի մեջ», «Առաքելություն Հայաստան», «Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա» եւ «Աշխարհի բժիշկներ» գործընկեր կազմակերպությունները շարունակում են իրենց մարդասիրական առաքելությունը՝ ուղղված տեղահանված ընտանիքների խնդիրների լուծմանը։ «Աշխարհի բժիշկներ»-ի առողջապահական ծառայությունները եւ սոցիալ-հոգեբանական աջակցության ծրագրերը հազարավոր մարդկանց օգնել են հաղթահարել տեղահանման հետեւանքով առաջացած հոգեբանական եւ ֆիզիկական խնդիրները եւ ներգրավվել ընդունող համայնքի կյանքում։
Թիմն այցելեց նաեւ Մասիս քաղաքում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ ՄԱԿ ՓԳՀ-ի համատեղ ջանքերի արդյունքում վերանորոգված եւ կահավորված կացարանը, որտեղ զրուցեց տեղահանված բնակիչների հետ։ «Ես միայնակ տարեց կին եմ եւ չեմ կարող բնակարան վարձակալել․ այս կացարանը փրկություն է ինձ համար», – ասաց Լեռնային Ղարաբաղից տեղահանված միայնակ տարեց Ռենան։ Կացարանի տրամադրումը կարեւոր աջակցություն է տեղահանված անձանց համար, մասնավորապես նրանց, ովքեր ի վիճակի չեն ինքնուրույն լուծել իրենց բնակարանային խնդիրները։ ՄԱԿ ՓԳՀ-ի գործընկեր կազմակերպություն «Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան» սոցիալ-հոգեբանական աջակցություն է տրամադրում կացարանի բնակիչներին, ինչպես նաեւ զարգացնում սոցիալական աշխատողների կարողությունները տարբեր համայնքներում, ներառյալ՝ Մասիսում։
Թիմը Մասիսի մերձակայքում գտնվող Դարակերտ գյուղում այցելեց ութ հոգանոց խոցելի մի ընտանիքի, որի անդամները կիսվեցին իրենց կյանքի դժվարություններով եւ ավելի լավ ապագայի հույսերով։ Սոցիալական աշխատողի եւ հոգեբանի աջակցություն ստացող այս ընտանիքն աստիճանաբար փորձում է ոտքի կանգնել, եւ շարունակական աջակցությունն ու ծառայությունների մատուցումը կարեւոր են այս ընտանիքի համար։
ԵՄ Մարդասիրական կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյան՝ Մասիսի կացարանում բնակվող տեղահանված ընտանիքի բնակարանի շեմին ©UNHCR/Anahit Hayrapetyan
Այցն ավարտվեց Արտաշատ քաղաքում, որտեղ թիմը շրջեց ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից աջակցություն ստացած տարեցների եւ հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային կենտրոնում, ինչպես նաեւ հարեւանությամբ գտնվող երեխաների աջակցման կենտրոնում եւ մանկական խաղահրապարակում։ «Առաքելություն Հայաստան»-ի կողմից տրամադրվող այս ծառայությունները նպատակ ունեն ներառական մթնոլորտ ստեղծել տեղահանված անձանց համար, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցողների, կանանց, երեխաների եւ երիտասարդների համար, աջակցել եւ բարելավել նրանց բարեկեցությունը եւ կյանքի որակը: «Առաքելություն Հայաստան»-ի ցերեկային խնամքի կենտրոնում մի խումբ փախստական կանանց հետ զրուցելու ընթացքում մասնակիցները երախտագիտություն հայտնեցին ցուցաբերված աջակցության համար՝ ընդգծելով դրա դրական ազդեցությունն իրենց կյանքում, սակայն նշեցին նաեւ դեռեւս առկա մարտահրավերների եւ ինքնաբավության հասնելու համար շարունակական աջակցության անհրաժեշտության մասին:
«Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի փոխնախագահ տ-ն Ալլա Հարությունյանը նշեց. «Չափազանց կարեւոր է շարունակական աջակցությունն ամենակարիքավոր փախստականներին, մասնավորապես՝ նրանց, ովքեր կարող են մեր տեսադաշտից դուրս մնալ, լինել անտեսանելի։ Համատեղ ջանքերով՝ մենք պետք է օժանդակենք նրանց բարօրությանը, հիմնական ծառայություններին հասանելիությանը եւ արժանապատիվ կյանքին։ ՄԱԿ ՓԳՀ-ի եւ Եվրոպական Միության աջակցությամբ ստեղծված՝ 14 գործակալություններից բաղկացած Հասարակական կազմակերպությունների ֆորումը կարեւոր դեր է խաղում համատեղ ջանքերը համակարգելու, ռեսուրսների փոխանակման եւ տեղահանված բնակչության կարիքները հոգալու գործում՝ ապահովելով, որ օգնությունը լինի ժամանակին, արդյունավետ եւ ներառական»։
Տեղահանված անձինք, ԵՄ ECHO-ն ներկայացնող պ-ն Պապակոնստանտինուն, «Առաքելություն Հայաստան» եւ ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչները Արարատ մարզի Արտաշատ քաղաքի ցերեկային կենտրոնում ©UNHCR
Տեղական իշխանությունների, միջազգային գործընկերների եւ փախստականների միջեւ շարունակական համագործակցությունը կարեւոր է Մասիսում եւ Հայաստանի մյուս ընդունող համայնքներում ապաստանած տեղահանված ընտանիքների կյանքը վերակառուցելու եւ նոր ապագա կերտելու գործում։
ՄԱԿ ՓԳՀ – Եվրոպական միություն գործընկերության մասին
ՄԱԿ ՓԳՀ-ն եւ Եվրոպական միությունը, ձեռք ձեռքի տված, կառավարության եւ ընդունող համայնքների հետ համագործակցությամբ՝ բազմաթիվ մարդասիրական ծրագրեր են իրականացրել՝ տեղահանված ընտանիքներին տրամադրելով անհրաժեշտ աջակցություն եւ պաշտպանություն։
ՄԱԿ ՓԳՀ-ն՝ ԵՄ Մարդասիրական օգնության կազմակերպության հետ համատեղ, իրականացնում է տեղահանված անձանց պաշտպանություն Հայաստանում, պաշտպանության մշտադիտարկում, տրամադրում օժանդակություն, անհրաժեշտ ծառայություններ, ներառյալ՝ նպաստում իրավաբանական աջակցության հասանելիությանը, դեպքերի վարմանը, հատուկ կարիքներ ունեցող անձանց հետ աշխատանքին եւ սոցիալ-հոգեբանական աջակցությանը։ Միավորելով ռեսուրսներն ու փորձը՝ ՄԱԿ ՓԳՀ-ն եւ Եվրոպական միությունը ամրապնդում են տեղահանված անձանց մարդու իրավունքների պաշտպանությունը եւ աջակցում կառավարության ջանքերին՝ օգնելով Հայաստանում ապաստանած տեղահանված անձանց՝ վերականգնել իրենց կյանքն ու ապագան։
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով