Փախստականի իրավիճակում գտնվող անձինք

​ՄԱԿ ՓԳՀ-ն շարունակում է արձագանքել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում տեղահանված անձանց կարիքներին, ինչպես նաև աջակցել ՀՀ-ում բնակվող սիրիահայերին:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջը ծավալված հակամարտության անմիջական հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանվել և Հայաստանում է հաստատվել 91,000 մարդ։ Տեղահանվածների մոտ 88%-ը կանայք, երեխաներ և տարեցներ էին: 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 2020 թվականի նոյեմբերի 14-ից փախստականի իրավիճակում գտնվող բնակչությունը սկսեց աստիճանաբար վերադառնալ Լեռնային Ղարաբաղ ։

2021 թվականի հուլիսի դրությամբ, ըստ ՄԱԿ ՓԳՀ-ի գնահատականների, Հայաստանում գտնվող փախստականի իրավիճակում հայտնված անձանց թիվը կազմել է 42,023, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով փախստականի իրավիճակում հայտնված 36,989 անձ և 4,461 սիրիահայ։

Այս անձանց մեծ մասը բնակություն է հաստատել Երևանում, մի մասն էլ բնակվում է Հայաստանի 10 մարզերի հյուրընկալ համայնքներում:

ՄԱԿ ՓԳՀ-ն շարունակաբար արձագանքում է տեղահանված անձանց կարիքներին ՀՀ կառավարության հետ համագործակցության և Միջգերատեսչական արձագանքման ծրագրի շրջանակում։