Close sites icon close
Search form

Search for the country site.

Country profile

Country website

Փախստական երիտասարդները հյուրընկալվեցին ԹՈՒՄՈ ճամբարում

Փախստական երիտասարդները հյուրընկալվեցին ԹՈՒՄՈ ճամբարում

Ամառը վերջացավ, սակայն ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում լավ ընկերների հետ անցկացրած արձակուրդի մասին քաղցր հիշողությունները դեռ երկար կմնան բռնի տեղահանված բազմաթիվ երիտասարդների սրտերում։
2 September 2024 Also available in:

Աննա-Մարիան, Սենդին, Տաթեւը, Վահեն, Շահանեն, Դենին, Վանեսան եւ բռնի տեղահանված բազմաթիվ այլ երիտասարդներ այս տարի օգտվեցին Երեւանում եւ Դիլիջանում անցկացված հրաշալի ԹՈՒՄՈ ամառային ճամբարներից, որոնք կազմակերպվել էին տարբեր երկրներից ժամանած երիտասարդների ու երեխաների համար:

ԹՈՒՄՈ Դիլիջանի ճամբարի վերջին օրը անմոռանալի հիշողություններ նվիրեց ճամբարականներին: Սիրիայից ժամանած երիտասարդ երաժիշտ եւ երգահան Աննա-Մարիայի կիթառի վարպետության դասը եւ համերգը երիտասարդների երեկոյի զարդն էր: Խումբն իր տարերքում էր. նրանք երգում էին սիրված երգեր, պարում, գիտելիքներ էին ստանում կիթառ երաժշտական գործիքի մասին, գուշակում հանրահայտ երգերի մեղեդին, փորձում էին մտաբերել տվյալ երգի հեղինակներին եւ երգի խոսքերը: Ուրախությունն ու երաժշտությունը լցրել էին ճամբարն ու Դիլիջանի գեղեցիկ երկնքի տակ գտնվող ԹՈՒՄՈ Կենտրոնի հյուրընկալ տեռասը: Երիտասարդները վայելում էին հարմարավետ միջավայրը, ամառը, ԹՈՒՄՈ ճամբարը, հաստատված նոր ընկերություններն ու երաժշտության ուժը:

«Այդ երաժշտական հիանալի միջոցառման ընթացքում ես անցկացրեցի իմ կյանքի ամենալավ ժամանակը՝ այս հրաշալի երիտասարդների հետ միասին», - բացականչեց Աննա-Մարիան՝ իր երախտապարտ լսարանի կողմից արժանանալով ծափահարությունների: «Սա իմ առաջին վարպետության դասն ու համերգն էր, եւ ես շատ ուրախ էի, որ ԹՈՒՄՈ-ի ճամբարականները դարձան իմ հանդիսատեսը», - հուզմունքով ավելացրեց Աննա-Մարիան՝ փորձելով թաքցնել երջանկության արցունքները: Այնքան դժվար էր հրաժեշտ տալ իրար, քանի որ, ինչպես հենց ինքը՝ Աննա-Մարիան նշեց, երիտասարդներից շատերը դարձել էին իր «հավերժական ընկերները», եւ ինքն այլեւս անհամբեր պիտի սպասի, թե երբ է նորից հանդիպելու նրանց:

ԹՈՒՄՈ-ն իսկապես եզակի, նշանավոր կենտրոն է: Այն սիրելի վայր է երեխաների եւ երիտասարդների համար, իսկ նրանցից շատերի համար՝ կրթության, անձնական ու մասնագիտական աճի օրրան: Այն նաեւ անվտանգ եւ ընկերական տարածք է փախստական երիտասարդների համար, որպեսզի նրանք իրենց զգան պահանջված եւ ներգրավված։ Այդպիսով ԹՈՒՄՈ-ն դարձավ մի հարթակ, որտեղ տեղացի, փախստական եւ արտասահմանցի երիտասարդները ձեւավորեցին նոր ընկերական հարաբերություններ:

Շնորհակալությո՛ւն, ԹՈՒՄՈ, ՄԱԿ ՓԳՀ Հայաստանի գրասենյակի հետ համագործակցության համար. մենք այն չափազանց բարձր ենք գնահատում եւ արժեւորում: