Սոցիալական աշխատողների հմտությունների զարգացում՝ հանուն փախստականների ինտեգրման
Սոցիալական աշխատողների հմտությունների զարգացում՝ հանուն փախստականների ինտեգրման
Միջոցառմանը մասնակցել են Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) 55 աշխատակիցներ, այդ թվում՝ ՄՍԾ բոլոր 49 տարածքային կենտրոններից և ՄՍԾ Սոցիալական աշխատանքի և սոցիալական ծառայությունների վարչությունից: Այն երկու դասընթացներից բաղկացած շարք էր, որը տեղի ունեցավ օգոստոսի 2-ին և 9-ին և ընդգրկեց ՄՍԾ 49 տարածքային կենտրոնների բոլոր աշխատակիցներին։
Դասընթացի նպատակն էր ՄՍԾ անձնակազմին իրազեկել փախստականների պաշտպանության վերաբերյալ և աջակցել Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունից (ՄՔԾ) սոցիալական բաղադրիչի փոխանցմանը ՄՍԾ-ին: Այն համատեղ վարեցին ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (ՄԱԿ ՓԳՀ), ՄՔԾ-ի և ՄՍԾ-ի Աշխատանքի և սոցիալական ծառայությունների վարչության ներկայացուցիչները: Մասնակցել են նաև ՄԱԿ-ի Փախստականների գործակալության գործընկեր ՀԿ-ները՝ «Առաքելություն Հայաստան»-ը և Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան։
Դասընթացները ներառել են փախստականների պաշտպանության և ինտեգրման բարելավման համար կարևոր թեմաների լայն շրջանակ: Մասնակիցները քննարկումներ են ծավալել փախստականների պաշտպանության միջազգային և ազգային չափանիշների, ՄՔԾ-ի և ՄՍԾ-ի հատուկ գործառույթների, ինչպես նաև Հայաստանի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի մանրամասների վերաբերյալ:
Դասընթացի հիմնական բաղադրիչներից մեկը փախստականների ինտեգրման և սոցիալական պաշտպանության պարտականությունների անցումն էր ՄՔԾ-ից ԱՍՀՆ-ին եւ ՄՍԾ-ին: Այս անցումը նպատակ ունի արդյունավետ դարձնել և բարելավել փախստականներին սոցիալական ծառայությունների մատուցումը՝ լուծելով ինչպես նրանց անհապաղ կարիքները, այնպես էլ նպաստելով երկարաժամկետ ինտեգրման նպատակների իրագործմանը: Դասընթացն ընդգծեց այս փոփոխության հետ կապված հիմնական մարտահրավերներն ու հնարավորությունները՝ շեշտելով ՄՍԾ-ի կարևոր դերը փախստականների և վերադարձողների ինտեգրման և վերաինտեգրման կառավարման գործում:
Դասընթացները ներառում էին նաև փախստականների համար հասանելի կառավարության սոցիալական աջակցության ծրագրերի ամփոփ նկարագրություն, ընթացակարգերի, իրավասության չափանիշների և նրանց առջև ծառացած մարտահրավերների մանրամասն նկարագրություն: Մասնակիցներն արժեքավոր տեղեկություններ ստացան ՄԱԿ-ի Փախստականների գործակալության կողմից փախստականների հետ անցկացված խորհրդակցությունների, ինչպես նաև դեպքերի արդյունավետ վարման և աջակցության ցանցերի հետ համագործակցության ռազմավարությունների վերաբերյալ:
Միացյալ սոցիալական ծառայության ղեկավարի առաջին տեղակալ տիկին Անի Չիլինգարյանն ընդգծեց վերապատրաստման կարևորությունը՝ նշելով.
«Մեր նպատակն է սոցիալական աշխատողներին զինել այս անցումային շրջանում փախստականներին արդյունավետորեն աջակցելու համար անհրաժեշտ գործիքներով և գիտելիքներով: Նրանց դերը կենսական նշանակություն ունի փախստականների ինտեգրման հեշտացման և անհրաժեշտ ծառայություններից նրանց օգտվելու ապահովման գործում»:
Կարողությունների զարգացման այս նախաձեռնությանը ՄԱԿ ՓԳՀ-ի ներգրավվածությունն ընդգծում է նրա հանձնառությունը՝ պահպանելու փախստականների պաշտպանության համաշխարհային ստանդարտները: ՄԱԿ ՓԳՀ Հայաստանի գրասենյակի պաշտպանության գծով օգնական տիկին Նաիրա Մարությանը նշեց.
«Տեղացի սոցիալական աշխատողների կարողությունների զարգացումը կարևորագույն նշանակություն ունի՝ ապահովելու համար, որ փախստականները ստանան իրենց կյանքը վերակառուցելու համար անհրաժեշտ համապարփակ աջակցությունը»:
Մասնակիցների արձագանքներն ընդգծեցին վերապատրաստման արդյունավետությունը: Երևանից մի սոցիալական աշխատող նշեց. «Տեղեկատվական հանդիպումները մեզ ավելի խորը պատկերացում տվեցին փախստականների առջև ծառացած մարտահրավերների և այն մասին, թե ինչպես կարող ենք ավելի արդյունավետորեն աջակցել նրանց»: Միջոցառումն ավարտվեց ամփոփիչ նիստով, գնահատման վարժությամբ և ապագա քայլերի վերաբերյալ քննարկումներով:
ՄԱԿ ՓԳՀ-ն գնահատում է ՄՔԾ-ի և ՄՍԾ-ի հետ իր ամուր գործընկերությունը և հանձնառու է շարունակել այս համագործակցային ջանքերը՝ փախստականների պաշտպանության և օգնության ոլորտում ՄՍԾ անձնակազմի կարողությունները զարգացնելու նպատակով: Սոցիալական աշխատողները կարևոր դեր են խաղում փախստականների և ապաստան հայցողների արժանապատվության պահպանման գործում՝ տրամադրելով անհրաժեշտ ծառայություններ, գործերի վարում, և նրանց աշխատանքը ընդգրկում է ինտեգրման տարբեր ոլորտներ, ինչպիսիք են ընդհանուր պաշտպանությունը, հատուկ կարիքներ ունեցող անձանց (տարեց անձինք, հաշմանդամություն ունեցող անձինք և այլ հատուկ կարիքներ ունեցող անձինք) աջակցությունը, սոցիալական պաշտպանությունը և մասնագիտացված ծառայություններ ուղեգրումը: ՄԱԿ ՓԳՀ-ն պատրաստակամ է աջակցել ՄՍԾ անձնակազմին, քանի որ նրանք անում են հնարավորը՝ ապահովելու բոլոր փախստականների հաջող ինտեգրումը: