Close sites icon close
Search form

Search for the country site.

Country profile

Country website

Գեւորգյան հոգեւոր ճեմարանի սաներն այցելեցին ՄԱԿ ՓԳՀ գրասենյակ

Գեւորգյան հոգեւոր ճեմարանի սաներն այցելեցին ՄԱԿ ՓԳՀ գրասենյակ

2025 թ. մարտի 12-ին ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակը հյուրընկալեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում ուսանող մի խումբ հոգեւորականների։
12 March 2025 Also available in:

Գեւորգյան ճեմարանի սաների եւ ՄԱԿ ՓԳՀ աշխատակիցների խմբային լուսանկարը, մարտի 12, 2025 թ., Երեւան, Հայաստան։ © UNHCR/Gayane Chukhajyan

Ճեմարանականների խումբն առաջնորդում էր Դիակոնիայի դասախոս պրոֆ. Կարեն Նազարյանը, որը նաեւ ՄԱԿ ՓԳՀ երկարամյա գործընկեր Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրենն է։

Ուսանողները հետաքրքրությամբ լսում էին Հայաստանում փախստականների իրավիճակի եւ մարդասիրական աշխատանքների մասին, որը կօգներ ավելի շատ ջանքեր գործադրել փախստականների բարեկեցության, ներառման ուղղությամբ եւ ավելի լավ պատկերացնել ՄԱԿ ՓԳՀ-ի մարդասիրական մանդատի ու դերակատարման մասին, պաշտպանել եւ սատարել փախստականներին՝ օգնելով նոր կյանք ստեղծել արժանապատվությամբ եւ խաղաղության մեջ։

«Այս ուսումնական այցը մեզ շատ բան սովորեցրեց։ Մենք հանգամանորեն տեղեկացանք Հայաստանում բնակվող բռնի տեղահանվածների, ՄԱԿ ՓԳՀ-ի եւ իր գործընկերների ջանքերի մասին՝ սատարելու ՀՀ կառավարությանը կենսական աջակցություն ցուցաբերել եւ երկարաժամկետ լուծումներ գտնել փախստականների համար», - միջոցառումից իրենց տպավորություններն էին կիսում ուսանողները։ «Շատ կարեւոր է հասկանալ փախստականների վիճակը, նրանց կարիքներն ու դժվարությունները, ինչպես եւ հաջողությունները եւ մասնակցությունը Հայաստանի հասարակության ու տնտեսության մեջ», նկատեցին նրանք՝ խիստ տպավորված ՄԱԿ ՓԳՀ-ի ցուցադրած տեսանյութից, որտեղ նկարագրվում էր փախստականների դիմակայունությունը, ինչն օգնում էր ապրել, արարել եւ իրենց ապագան կերտել Հայաստանում։

Ուսանողներն ուրախ էին, որ կարող են հարցեր տալ, ինչպես նաեւ կիսվել իրենց աշխատանքներով ու գաղափարներով։ Տպավորվելով փախստականներին աջակցելու՝ ուսանողների ոգեւորությամբ եւ պատրաստակամությամբ՝ ՄԱԿ ՓԳՀ գործընկերներն ընդգծեցին հավատքի վրա հիմնված կազմակերպությունների առանցքային դերը, որոնք գործում են առաջնագծում, տրամադրում մարդասիրական օգնություն՝ անգնահատելի ներդրում ունենալով փախստականներին եւ ընդունող համայնքներին հույս ու մխիթարություն բերելու գործում:

Պարոն Նազարյանը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ ՓԳՀ-ին հետաքրքիր եւ ոգեւորիչ հանդիպման համար՝ շեշտելով նման այցերի կարեւորությունը. «Սա, հիրավի, ուսուցողական միջոցառում էր մեր ուսանողների՝ ապագա հոգեւորականների համար, որոնք պատրաստ են ծառայելու համայնքներին, այդ թվում փախստականներին, օգնելու նրանց իբրեւ հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, մենթորներ եւ աջակիցներ, ինչպես նաեւ փախստականների իրավունքների ջատագովներ», - նշեց պարոն Նազարյանը։

Փախստականների վերաբերյալ գլոբալ պայմանագրի համատեքստում, որի նպատակն է ընդլայնել բռնի տեղահանվածների կարիքներին միջազգային արձագանքը, մենք ընդունում ենք հավատքի վրա հիմնված կազմակերպությունների կարեւորագույն դերը մարդասիրական եւ հանրային խոսույթի ձեւավորման մեջ, որոնք կարեւորում են այնպիսի արժեքները, ինչպիսիք են հարգանքն այլոց նկատմամբ, համայնքի հետ միասնական ջանքերով խաղաղություն եւ մարդկային արժանապատվության հաստատում։