Ապագայի կառուցում. Ֆրանսիայի տրամադրած բազմամյա աջակցությունը փախստականների ինտեգրմանը
Ֆրանսիայի բազմամյա աջակցությունը չափազանց կարեւոր դեր է խաղացել Հայաստանում փախստականների հետ կապված ճգնաժամին ՄԱԿ ՓԳՀ համապարփակ արձագանքման գործում: Այս գործընկերությունն ապահովել է անհապաղ օգնություն, ինչպես նաեւ երկարաժամկետ լուծումներ հրատապ օգնության, կենսապահովման ծրագրերի, համայնքների ու փախստականների զորացման նախագծերի ուղղությամբ՝ խթանելով ինքնապահովումը, սոցիալական համախմբվածությունը եւ երկարաժամկետ կայունությունը։
By տ-ն Անահիտ Հայրապետյան, ՄԱԿ ՓԳՀ արտաքինի հարաբերությունների պատասխանատու, եւ պ-ն Կիրի Ատրի, ՄԱԿ ՓԳՀ արտաքին հարաբերությունների ղեկավար
Հայաստանում փախստականների հետ կապված ճգնաժամին ՄԱԿ ՓԳՀ արձագանքը հնարավոր է դարձել նվիրատու կազմակերպությունների առատաձեռն աջակցության շնորհիվ, որտեղ Ֆրանսիան առանցքային դեր է խաղում կանխատեսելի, համապարփակ մարդասիրական արձագանքի ապահովման գործում: Ֆրանսիայի բազմամյա ֆինանսավորումն ամրապնդել է ՄԱԿ ՓԳՀ՝ ժամանակին, կենսական նշանակություն ունեցող օգնություն տրամադրելու կարողությունները՝ թույլ տալով փախստականներին բավարարել իրենց հրատապ կարիքները՝ միաժամանակ աշխատելով կայուն լուծումների ուղղությամբ:
Ճգնաժամի հենց սկզբից Ֆրանսիան ցուցաբերել է իր նվիրվածությունը՝ ներգրավվելով համատեղ դաշտային այցերում՝ իրավիճակը գնահատելու եւ շուտափույթ աջակցության համախմբումն ապահովելու նպատակով։ Այս նախաձեռնողական ներգրավվածությունը ՄԱԿ ՓԳՀ-ին հնարավորություն է տվել արագ մարդասիրական օգնություն տրամադրել՝ ապահովելով, որ փախստականները, որոնք ժամանել են միայն փաստաթղթերով ու անձնական իրերի կապոցներով, ստանան անհապաղ օգնություն ու անհրաժեշտ աջակցություն, որոնք անհրաժեշտ են իրենց կյանքը վերակերտելու համար:
Կառավարության կարողությունների հզորացում՝ արձագանքման համապարփակ գործողություններ ապահովելու համար
Երբ փախստականները թվաքանակը Հայաստանի բնակչության մոտ 4% հասավ, կառավարությունը հարկադրված էր արդյունավետ օժանդակություն ցուցաբերելու ուղղությամբ մեծ ջանք գործադրել: ՄԱԿ ՓԳՀ-ն, Ֆրանսիայի աջակցությամբ, սերտորեն համագործակցեց կառավարության եւ հյուրընկալող համայնքների հետ՝ կառավարության արձագանքման կարողությունները հզորացնելու նպատակով՝ տրամադրելով տեխնիկական օժանդակություն, ռեսուրսներ եւ փորձագիտական հմտություններ: Սա ներառում էր առանցքային պետական հաստատություններին ու համայնքային իշխանություններին դյուրակիր համակարգիչների, պլանշետների եւ այլ տեխնիկական գործիքների տրամադրում՝ փախստականների հաշվառումը, դեպքերի կառավարումն ու ծառայությունների մատուցումը, այդ թվում կացարանով ապահովումը, բժշկական ծառայությունների եւ հոգեբանա-սոցիալական աջակցության տրամադրումը բարելավելու, ինչպես նաեւ երկարաժամկետ հեռանկարում ինստիտուցիոնալ կարողությունները հզորացնելու համար: Այս աջակցությունը տրամադրվել է առանցքային նախարարություններին ու հաստատություններին, ներառյալ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը, մարզպետարաններին, համայնքապետարաններին, տեղական ՀԿ-ներին ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին:
Տեւական համագործակցությունը եւ կարողությունների զարգացման գործողությունները Հայաստանին հնարավորություն տվեցին ապահովել արձագանքման արդյունավետ գործողությունների իրականացում, ընդլայնել աջակցության ծրագրերում ընդգրկվածության ապահովմանն ուղղված ջանքերը եւ բարելավել ծառայությունների մատուցումը` ապահովելով փախստականներին ուղղված արձագանքման ավելի արդյունավետ, համակարգված ու արժանապատիվ գործողություններ ու ավելի երկարաժամկետ լուծումներ:
Մարդասիրական օգնություն. հրատապ օգնություն եւ տեւական աջակցություն
ՄԱԿ ՓԳՀ մարդասիրական արձագանքման գործողություններով հասցեագրվել են Ղարաբաղից վերջին շրջանում տեղահանված փախստականների հրատապ կարիքները՝ միեւնույն ժամանակ շարունակական աջակցություն ապահովելով տարբեր երկրներից Հայաստան ժամանած փախստականներին։
Ղարաբաղից ավելի քան 115,000 փախստականի պարագայում՝ Ֆրանսիայի եւ այլ նվիրատու կազմակերպությունների առատաձեռն նվիրատվությունը ՄԱԿ ՓԳՀ-ին օգնել է համախմբել ջանքերը կենսական նշանակություն ունեցող հրատապ օգնության տրամադրման ուղղությամբ: Ավելի քան 115,747 առաջին անհրաժեշտության պարագաներ, ներառյալ ծածկոցներ, ներքնակներ, խոհանոցային հավաքածուներ եւ հիգիենայի պարագաներ, հատկացվել են 10,039 տնային տնտեսությունների, որոնցից օգտվել է 43,033 մարդ:
Արձագանքման այս արագ գործողությունները հնարավոր են դարձել Ֆրանսիայի բազմամյա ֆինանսավորման շնորհիվ, որը ՄԱԿ ՓԳՀ-ին հնարավորություն է տվել արդյունավետորեն պլանավորել եւ ընդլայնել գործողությունները՝ ապահովելով, որ խիստ կարեւոր օգնությունն անհապաղ հասանելի լինի տեղահանված ընտանիքներին՝ մինչեւ գործարկվեն երկարաժամկետ աջակցության համակարգերը:
Դրամական օգնություն. փրկօղակ փախստականների համար
Նյութական օժանդակության հետ մեկտեղ 2024 թվականին ՄԱԿ ՓԳՀ-ն ընդլայնել է իր դրամական օգնության ծրագրերը՝ ընդգրկելով ավելի քան 40,000 փախստականների՝ օգնելով նրանց բավարարել իրենց հիմնական կարիքները: Ղարաբաղից ժամանած փախստականների առումով ՄԱԿ ՓԳՀ դրամական օգնությունը համահունչ է եղել Հայաստանի կառավարության աջակցության ծրագրին՝ ապահովելով համակարգված եւ արդյունավետ մոտեցում, որը թույլ է տվել փախստականներին վճարել բնակարանի վարձավճարի, կոմունալ ծառայությունների եւ ձմեռվա ծախսերի համար:
Միեւնույն ժամանակ ՄԱԿ ՓԳՀ-ն շարունակել է Հայաստանում այլ երկրների փախստականների համար նախատեսված դրամական աջակցության իր ընթացիկ ծրագիրը՝ ապահովելով, որ տեղահանված բոլոր մարդիկ միջոցներ ունենան իրենց հիմնական կարիքները հոգալու համար: ՄԱԿ ՓԳՀ դրամական օժանդակությունը, որին իրենց աջակցությունն են ցուցաբերել Ֆրանսիան եւ այլ դոնորներ, հազարավոր ընտանիքների օգնել է առաջին քայլերը կատարելու դեպի բնականոն կյանք:
«Հնարավոր չէր լինի տան վարձը վճարել եւ ուտելիք գնել, եթե չլիներ մեր ստացած դրամական օգնությունը», - պատմեց Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Գորայք գյուղում բնակվող չորս երեխաների մայր Մերին։ «Այս օգնությունը մեզ հույս է տալիս եւ օգնում է կենտրոնանալ ապագա պլանների վրա, զգալ պաշտպանված եւ հոգատարությամբ շրջապատված», - հավելեց նա:
ՄԱԿ ՓԳՀ դրամական օժանդակության ծրագիրը նպաստում է կենսական նշանակություն ունեցող աջակցությանն ապավինող խոցելի փախստական ընտանիքներին այդ կենսականորեն անհրաժեշտ աջակցությունն ապահովելու կառավարության ջանքերին:
Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Գորայք գյուղում Մերիի եւ նրա ընտանիքի վիճակը վերջապես կայունացավ ֆինանսական աջակցություն ստանալուց հետո, որը նրանց հնարավորություն տվեց վճարել բնակարանի վարձը, գնել առաջին անհրաժեշտության իրեր եւ սկսել իրենց ապագան պլանավորել:
Մերիի պես հազարավոր խոցելի փախստականներ օգտվել են ՄԱԿ ՓԳՀ հրատապ դրամական օգնությունից, ինչը նրանց հնարավորություն է տվել վճարել բնակարանի վարձավճարը, գնել սննդամթերք ու առաջին անհրաժեշտության պարագաներ, վերագտնել հույսի ու արժանապատվության զգացումը:
«Այս աջակցությունը վերականգնել է մեր կյանքը: Մենք այլեւս ստիպված չենք անընդհատ ընտրություն կատարել սնունդ գնելու եւ վարձը վճարելու միջեւ: Ես այժմ կարող եմ օգնել իմ ընտանիքին բավարարել իրենց հիմնական կարիքները եւ սկսել պլաններ կազմել մեր ապագայի համար», - պատմում է Սյունիքի մարզի Գորիս քաղաքից դրամական օգնության մեկ այլ շահառու Անժելան:
Այս պատմություններն արտացոլում են թվերից անդին մարդկանց վրա ունեցած ազդեցությունը՝ ցույց տալով, թե ինչպես է Ֆրանսիայի բազմամյա ֆինանսավորումն ուժեղացրել ՄԱԿ ՓԳՀ՝ արդյունավետ, կայուն աջակցություն տրամադրելու կարողությունը, ինչը փախստականներին հնարավորություն է տվել դուրս գալ ճգնաժամից եւ վերակերտել իրենց ապագան:
Կենսապայմանների բարելավում. կայունության ստեղծում փախստականների համար
Հրատապ օգնությունից բացի՝ ՄԱԿ ՓԳՀ-ն բարելավել է հարյուրավոր փախստական ընտանիքների կենսապայմանները՝ տրամադրելով առաջին անհրաժեշտության կենցաղային իրեր եւ օգնելով նրանց վերականգնել իրենց կյանքը: Ամբողջ Հայաստանում նախկին վարչական ու համայնքային մի շարք շենքեր, ինչպես օրինակ, երկու կացարան Մասիսում, վերածվել են ժամանակավոր կացարանների՝ ընդունելու խոցելի փախստական ընտանիքներին, այդ թվում առողջական խնդիրներ ունեցող, հատուկ կարիքներով եւ հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց գլխավորությամբ տնային տնտեսություններին ու միայնակ տարեցներին։
«Ամիսներ շարունակ մենք չէինք կարողանում մատչելի վարձով բնակարան գտնել: Ես երբեք չէի պատկերացնի, որ կարող ենք նորից տուն ունենալ: Ընտանիքս երջանիկ է, քանի որ մենք կարող ենք վերջապես տեղավորվել եւ կրկին սկսել կյանքի կոչել մեր ծրագրերն ու ջանքերը», - Գորիսում ապրող իր մեծ ընտանիքին ընձեռված հնարավորության համար գոհունակությամբ ասում է Օքսանան:
Մարինեն, նրա դեռահաս որդի Կարենն ու տարեց մայրը՝ Ռիտան, հիշում են այն օրը, երբ սարսափելի պայմաններ ունեցող ժամանակավոր կացարանից տեղափոխվեցին Մասիսի (Արարատի մարզ) նոր վերանորոգված եւ թարմացված սոցիալական բնակարան, որն իրականություն դարձավ ՄԱԿ ՓԳՀ եւ ՄԱԶԾ համատեղ ջանքերով: «Ամիսներ անց առաջին անգամ տղաս ու մայրս հանգիստ քնեցին՝ գիշերը վայելելով իրենց հարմարավետ մահճակալները եւ առավոտյան ունենալով տաք ջուր», - ասում է Մարինեն՝ շնորհակալություն հայտնելով կացարանի հարցում աջակցություն ցուցաբերած բոլոր մարդկանց:
Արարատում, Վայոց Ձորում եւ Սյունիքում ընդհանուր առմամբ 403 տնային տնտեսություն ստացել է 328 կտոր կահույք եւ 75 կենցաղային տեխնիկա, ինչն օգնել է նրանց ստեղծել անվտանգ, ֆունկցիոնալ եւ արժանապատիվ բնակելի տարածքներ։
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում 71-ամյա փախստական Բորիկի համար աջակցությունն այլ ձեւով է կազմակերպվել՝ բարելավվել են նրա վարձակալած տան պայմանները: Անմխիթար կենսապայմաններում մի կերպ դիմանալուց հետո նրա ընտանիքը թեթեւացած շունչ է քաշել՝ ստանալով օգնություն, որը նրանց հնարավորություն է տվել ավելի ապահով ու հարմարավետ տարածք ստեղծել: «Այս օգնությունը մեզ ապահովության զգացում է տվել: Մենք լոկ օգնություն չենք սպասում, մենք նորից կառուցում ենք մեր կյանքը», - ասում է նա:
Լաուրայի՝ տարեց փախստական կնոջ համար Մասիսի կացարանում ապրելը նշանակում է ոչ միայն տանիք ունենալ գլխավերեւում, այլեւ ապրելու համար հարմարավետ տուն, բայց նոր տանը տեղավորվելն ուղեկցվել է իր դժվարություններով: Ժամանելով սակավաթիվ անձնական իրերով՝ նա ջանք էր թափում իր ընտանիքի համար տարածքը հարմարավետ դարձնելու համար:
«Մենք տանիք ունեինք մեր գլխավերեւում, նաեւ կահույք ու կենցաղային տեխնիկա, դժվար կլիներ կենցաղ վարել առանց առաջին անհրաժեշտության իրերի», - պատմում է Լաուրան:
ՄԱԿ ՓԳՀ աջակցությամբ նրա ընտանիքը ստացել է կենցաղային պարագաներ, այդ թվում սառնարան, լվացքի մեքենա ու ջեռուցման կաթսա՝ նրանց առօրյան հեշտացնելու համար: «Այժմ ես կարող եմ հանգիստ քնել, եւ ես այլեւս ստիպված չեմ ամեն ինչ ձեռքով լվանալ այս ցրտին», - ասում է Լաուրան՝ շնորհակալություն հայտնելով ՄԱԿ ՓԳՀ-ին եւ Ֆրանսիային աջակցության համար, որը դրականորեն փոխել է նրա կյանքը: Այս փոքր փոփոխությունները բերում են հարմարավետության ու կայունության զգացում, որն օգնում է նրա ընտանիքին ավելի շատ զգալ ինչպես տանը, դուրս գալ գոյատեւման շրջանակից եւ կենտրոնանալ իրենց ապագայի վերակերտման վրա:
Ամուր համայնքների ստեղծում. տեղական գործընկերություններ եւ սոցիալական համախմբում
Անմիջական աջակցությունից բացի, ՄԱԿ ՓԳՀ-ն Ֆրանսիայի կողմից տրամադրվող բազմամյա օժանդակության եւ այլ դոնոր կազմակերպությունների օգնությամբ, սերտորեն աշխատում է տեղական կազմակերպությունների եւ համայնքապետարանների հետ՝ համայնահեն արձագանքներն ուժեղացնելու եւ տեղահանված անձանց համար Հայաստանում կայուն աջակցություն ապահովելու համար։ Ֆրանսիայի աջակցությամբ օգնությւն է տրամադրվել 8 մարզերում գործող 28 համայնքային ծրագրերի՝ առաջնություն տալով 20 համայնքների, որպեսզի ամրապնդվի փախստականների ինտեգրումը եւ տեղական դիմակայունությունը: Սա ներառում է 9 պետական ենթակառուցվածքների կառուցումը կամ վերանորոգումը, աջակցություն 8 համայնքահեն կազմակերպությունների եւ համայնքային կենտրոնների, համագործակցություն 11 տեղական ՀԿ-ների եւ փախստականների կողմից ղեկավարվող կազմակերպությունների հետ՝ ուժեղացնելով փախստականներին աջակցության ցանցերը եւ նպաստելով երկարաժամկետ համայնքային ներգրավմանը։
Գործընկերություններն այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսին է «Ուկրաինացիներին օգնության շտաբ» ՀԿ-ն (Dopomoga.am), նույնպես մեծ դերակատարում են ունեցել մարդասիրական օգնություն, իրավաբանական եւ հոգեբանական աջակցության, ինչպես նաեւ համայնքային նախաձեռնությունների իրականացման գործում։ Նրանց աշխատանքը ներառում է առաջնային անհրաժեշտության պարագաների, աջակցման ծառայությունների եւ հայոց լեզվի դասընթացների տրամադրում, ինչպես նաեւ կազմակերպչական աշխատանքներ, որոնք փախստականներին թույլ են տալիս օգտվել զբաղվածության հնարավորություններից եւ կապեր ստեղծել: Փախստականի կողմից ղեկավարվող եւ համայնքահեն կազմակերպությունների ու համայնքների հետ այսպիսի երկարատեւ համագործակցությունը ՄԱԿ ՓԳՀ-ին թույլ է տվել մեծացնել իրազեկման աշխատանքների տիրույթը, սոցիալական համախմբվածությունը եւ խթանել փախստականների կողմից առաջնորդությունը՝ ապահովելով, որ տեղահանված համայնքներն ունենան իրենց կյանքն արժանապատվորեն վերականգնելու համար անհրաժեշտ միջոցներ եւ ցանցեր:
Տնտեսական ներառում. աշխատանք եւ կենսապահովման միջոցներ փախստականների համար
Զբաղվածությունը կարեւոր նշանակություն ունի ինքնաբավության համար, որը փախստականներին հնարավորություն է տալիս վերակառուցել իրենց կյանքը, սատարել իրենց ընտանիքներին եւ ներդրում ունենալ ընդունող երկրի տնտեսության մեջ: ՄԱԿ ՓԳՀ-ն ՄԱԶԾ-ի, Հայաստանի կառավարության եւ տեղական կազմակերպությունների հետ համատեղ իրականացրել է զբաղվածության եւ կենսապահովման ծրագրեր, որոնք փախստականներին զինում են կայուն եկամուտ ստանալու գործիքներով ու հնարավորություններով:
Ֆրանսիայի եւ այլ նվիրատու կազմակերպությունների բազմամյա ֆինանսավորմամբ այս ծրագրերը հնարավորություն են ընձեռել ավելի քան 200 փախստականի Ղարաբաղից եւ այլ ազգություններից՝ օգտվելու մասնագիտական վերապատրաստման դասընթացներից, աշխատատանքի տեղավորումից եւ բիզնեսին աջակցությունից: Ֆրանսիայի եւ այլ նվիրատու կազմակերպությունների բազմամյա ֆինանսավորմամբ այս ծրագրերն ավելի քան 200 փախստականի Ղարաբաղից եւ այլ ազգերի ներկայացուցիչներին հնարավորություն են տվել մասնակցել մասնագիտական վերապատրաստման դասընթացներին, տեղավորվել աշխատանքի եւ բիզնեսին աջակցությունից: Մասնակիցներից շատերը հաջողությամբ կայուն աշխատանքի են անցել՝ ավելի մեծ ֆինանսական անվտանգություն ապահովելով իրենց եւ իրենց ընտանիքների համար:
Նրանցից մեկը՝ Վիկտորյան, օգտվել է ՄԱԿ ՓԳՀ-ՄԱԶԾ միջոցով կազմակերպված եռամսյա վերապատրաստման ծրագրից, որն նրան օգնեց նոր հմտություններ ձեռք բերել, աշխատանք ստանալ եւ աջակցել իր ընտանիքին: Այսպիսի ծրագրերը փախստականներին ապահովում են կայուն եւ արժանապատիվ աշխատանքով եւ հնարավորություն են տալիս նպաստել ընդունող համայնքին:
Բացի ավանդական աշխատանքից, ձեռնարկատիրությունը տնտեսական հնարավորություններ է ստեղծել փախստականների, մասնավորապես կանանց համար: Ոգեշնչող օրինակներից է Հայաստանում բնակվող մի խումբ աֆրիկացի կանանց պատմությունը, որոնք ավանդական ձեռագործ տիկնիկների իրենց շնորհքը վերածել են խոստումնալից փոքր բիզնեսի։ Վերջերս կայացած փառատոնին նրանք հպարտորեն ցուցադրում էին իրենց զվարթադեմ, ձեռագործ տիկնիկները, որոնցից յուրաքանչյուրը պատմում էր իր դիմակայունության ու ժառանգության անկրկնելի պատմությունը: «Այս տիկնիկներն ընդամենը խաղալիքներ չեն, նրանք մեր մշակույթի մի պատառիկը եւ ուժի ուղերձն են կրում», - կիսվեց կանանցից մեկը, որը, միաժամանակ, այցելուների եւ ապագա գնորդների հետ էր շփվում: Այսպիսի միջոցառումների շնորհիվ փախստական արհեստագործները ձեռք են բերում տեսանելիություն, տնտեսական հզորացում եւ զգում, որ համայնքի մաս են կազմում:
Շուկայի հասանելիության ընդլայնման նպատակով Կոնգոյի եւ աֆրիկյան այլ երկրների փախստական կանայք մասնակցեցին Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում անցկացվող բերքի փառատոնին, որտեղ կարողացան վաճառել իրենց ձեռագործ ավանդական տիկնիկները, կապեր հաստատել եւ ամրապնդել իրենց բիզնեսը: Այս նախաձեռնությունները հզորացնում են փախստական ձեռնարկատերերին՝ ճանապարհ հարթելով դեպի ֆինանսական անկախություն եւ ուժեղացնելով կապն իրենց հյուրընկալող համայնքների հետ:
Ներդրումներ կատարելով աշխատատեղերի ստեղծման, հմտությունների կատարելագործման եւ ձեռներեցության զարգացման մեջ, ՄԱԿ ՓԳՀ-ի կենսապահովման ծրագրերը, որոնք ավելի արդյունավետ են դառնում Ֆրանսիայի աջակցությամբ, օգնում են փախստականներին ճգնաժամից անցում կատարել կայունության, խթանում տնտեսական կայունությունը եւ երկարաժամկետ ինտեգրումը:
Սոցիալական ներառման խորացում
Հզոր, ներառական համայնքների ստեղծումն ավելին է, քան առանցքային ծառայությունների մատուցումը. դա փախստականների համար ընդունող համայնքների հետ սերտ հարաբերություններ կառուցելու հնարավորությունների ստեղծումն է, փորձի փոխանակումը եւ տեւական հարաբերությունների ձեւավորումը։ ՄԱԿ-ի ՓԳՀ-ն Ֆրանսիայի եւ այլ նվիրատուների օժանդակությամբ օգնել է մեծացնել սոցիալական համախմբվածությունը եւ տնտեսական ներառումը, որը նպաստել է մշակութային, սպորտային միջոցառումներին, ինչպես նաեւ համայնքային գործունեությանը փախստականների մասնակցության ընդլայնմանը՝ խրախուսելով միասնականությունը:
Մշակութային փառատոները եւ հասարակական միջոցառումները փախստականների համար իրենց հմտությունների, ավանդույթների եւ վարպետության ցուցադրման հարթակ են ստեղծել, միեւնույն ժամանակ օգնելով նրանց օգտվել շուկայի հնարավորություններից՝ ապրուստի միջոց վաստակելու նպատակով: Այս նախաձեռնությունները զորեղացնում են փախստականներին, հնարավորություն տալիս իրենց ներդրումն ունենալ ընդունող համայնքների կյանքում եւ օգտակար կապեր հաստատել տեղացիների հետ:
Սպորտը, միեւնույն ժամանակ, կարեւորագույն դերակատարում ունի ներառման եւ երիտասարդների ներգրավվածությանը նպաստելու հարցերում։ ՄԱԿ ՓԳՀ-ի եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) կողմից նախաձեռնված «Համերաշխության գավաթ» ֆուտբոլային մրցաշարը եւ Հայաստանի պարալիմպիկ խաղերը, որոնք կազմակերպվել էին Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի, Ֆրանսիայի դեսպանատան, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ու Երեւանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով, փախստականներին եւ ընդունող համայնքի անդամների համախմբեցին՝ մրցելու, բարեկամություն հաստատելու եւ միմյանցից սովորելու համար։ Այս միջոցառումները ոչ միայն ժամանցի հնարավորություն են ստեղծել, այլեւ օգնել են կոտրել արգելքները՝ խրախուսելով թիմային աշխատանքն ու փոխադարձ հարգանքը։
«Համերաշխության գավաթը» փոխկապակցման հենց այդ հնարավորությունն էր։ Երիտասարդ խաղացողներից շատերի համար դա ոչ միայն ֆուտբոլ էր, այլ սոցիալական համախմբում եւ ներգրավվածություն: Երբ մրցաշարի եզրափակիչ խաղը պսակվեց փախստականների գլխավորած թիմի քրտնաջանորեն վաստակած հաղթանակով, թիմն ուրախությունից օդ բարձրացրեց երիտասարդ թիմակիցներից մեկին, որն իր կյանքում բազում դժվարություններով էր անցել։
«Կյանքումս առաջին անգամն է, որ ինձ չեմպիոն եմ զգում», - ասաց նա՝ հպարտությամբ: «Սա ոչ միայն ֆուտբոլի մասին է: Սա պատկանելության զգացման մասին է, որ ես զգում եմ»։
Հայաստանի պարալիմպիկ խաղերը, նույնպես, փախստական պարա աթլետներին հնարավորություն ընձեռեցին ի ցույց դնելու իրենց վճռականությունն ու դիմացկունությունը։ Ավելի քան 120 մասնակիցներ, ներառյալ 20 փախստականներ, մրցեցին ադապտիվ այնպիսի սպորտաձեւերում, ինչպիսիք են շախմատը, ուժային եռամարտը, թենիսը, բոչիան, սայլակով մրցավազքը եւ բասկետբոլը: Այս մրցումները նշանավորեցին մարզական գերազանցությունը՝ միաժամանակ կարեւորելով հաշմանդամություն ունեցող փախստականների հզորությունն ու հաստատակամությունը:
Ի հավելումն, ՄԱԿ ՓԳՀ-ն համագործակցում է Ֆրանսիայից «Ժպտացող աստղեր» ՀԿ-ի հետ՝ կազմակերպելով զարմանահրաշ ներկայացումներ Հայաստանի 10 մարզերի 40 համայնքների եւ մայրաքաղաքի համար, որոնց մասնակցել են շուրջ 5000 մարդ, այդ թվում խոցելի երեխաներ եւ միայնակ տարեցներ, հաշմանդամություն եւ հատուկ կարիքներ ունեցող անձինք, ինչպես նաեւ այլ տարեց բնակիչներ։ Այս ներկայացումները մեծ ուրախություն եւ հաճույք պատճառեցին փախստական ընտանիքներին եւ նրանց տեղացի հասակակիցներին՝ խթանելով համայնական զգացումը եւ օգնելով թեթեւացնել տեղահանման մարտահրավերները:
Այս նախաձեռնությունների միջոցով Ֆրանսիայից եւ այլ նվիրատուներից ստացված բազմամյա աջակցությունն օգնել է ապահովել, որ փախստականները կարողանան օգտվել մասնագիտական կրթությունից եւ աշխատանքային վերապատրաստումներից, սպորտային եւ ժամանցային հաստատություններից, ինչպես նաեւ մրցութային միջոցառումներին մասնակցելու հնարավորություններից: Այս միջոցառումներն ավելին են, քան պարզապես խաղեր, եւ, որպես այդպիսին, կամուրջներ են կառուցել համայնքներ միջեւ՝ նպաստելով սոցիալական կապերի ամրապնդմանը, փախստականներին օգնելով պաշտպանված ու ապահով զգալ եւ գտնել մի վայր, որտեղ իրենց կզգան, ինչպես սեփական տանը։
Հարատեւող գործընկերություն
Տեղահանման շարունակական մարտահրավերների պայմաններում Ֆրանսիայից արդեն տեւական ժամանակ ստացվող ֆինանսավորումն է՛լ ավելի է կարեւորվում Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ արձագանքման աշխատանքների հաջողության համար: Սկսած կյանքեր փրկող հրատապ օգնությունից՝ մինչեւ երկարաժամկետ բնակապահովում, զբաղվածության եւ համայնքային ծրագրեր, այս աջակցությունը շրջադարձային կարեւորություն է ունեցել փախստականների ոչ միայն գոյատեւման, այլեւ բարգավաճման համար։ Այս հանձնառության կարեւորությունն ընդգծելով՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին նշեց.
«Փախստականներին սատարելը մեր հիմնարար արժեքներից է։ ՄԱԿ ՓԳՀ-ի եւ ՀՀ կառավարության հետ համագործակցության շնորհիվ մենք ոչ միայն օգնություն ենք տրամադրում, այլ ներդրում ենք կատարում փախստականների ապագայում՝ օգնելով նրանց հասնել կայուն լուծումների եւ իրենց ավանդը բերել ընդունող երկրին՝ Հայաստանին»:
Այս բազմամյա աջակցության ազդեցությունը դրսեւորվում է տրամադրված բնակարաններով, ձեռք բերված աշխատատեղերով եւ ուժեղացած համայնքներով: Կարիքների անընդհատ աճի պայմաններում կայուն աջակցությունը շարունակում է կենսական նշանակություն ունենալ փախստականների՝ իրենց կյանքի վերակերտմանը սատարելու գործում։ ՄԱԿ ՓԳՀ-ն երախտապարտ է Ֆրանսիային երբեք չընդհատվող հանձնառության համար, որոնք այլ դոնոր կառույցների հետ միասին փախստականներին օգնում են հասնել ինքնաբավության եւ լիարժեք ինտեգրման: Միասնաբար, այս գործընկերությունը փախստականներին օգնում է պատկանելություն եւ բարեկեցություն գտնել Հայաստանում։