Տարածաշրջանային ծրագիր՝ ի նպաստ ապաստանի համակարգի կարողությունների զարգացման
Տարածաշրջանային ծրագիր՝ ի նպաստ ապաստանի համակարգի կարողությունների զարգացման
Տարածաշրջանային ծրագրի առանցքային ձեռքբերումներն են ապաստանի հարցերով զբաղվող կառավարության աշխատակիցների համար խորացված դասընթացների կազմակերպումը, ռուսերենով հետազոտական շտեմարանի ստեղծումը, ապաստանի ընթացակարգերի որակի ապահովման համար անհրաժեշտ գործիքների մշակումը, որոնց արդյունքում բարելավվել է Հայաստանում փախստականների պաշտպանության համակարգը:
Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորված և Միավորված ազգերի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) կողմից համաֆինանսավորված և իրականացված երկուսուկես տարի տևողությամբ ծրագրի նպատակն էր ամրապնդել և զարգացնել ապաստան հայցողների և փախստականների պաշտպանությունը ԵՄ արևելյան հարևանության երկրներում` Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում: Մասնակիցների համար օգտակար էր նաև ակտիվ համագործակցությունը ԵՄ չորս անդամ երկրների՝ Գերմանիայի, Լեհաստանի, Ռումինիայի և Շվեդիայի հետ: Երկուսուկես միլիոն եվրո բյուջե ունեցող ծրագիրը կենտրոնացված էր մասնակից երկրներում ապաստանի տրամադրման վերաբերյալ ընդունվող որոշումների որակի, արդարության և արդյունավետության բարձրացմանը:
Ազգային ապաստանի համակարգի համատեղ գնահատումն իրականացնելուց հետո Հայաստանը պարտավորվել է ամրապնդել առկա ձեռքբերումները, լրացնել հայտնաբերված բացերը, ինչպես նաև նոր մեխանիզմներ մշակել որակի ապահովման նպատակով: «Բացերի վերլուծության հաշվետվության պատրաստումից ի վեր Հայաստանում առաջընթացն ակնհայտ է: Իշխանությունները մասնավորապես մշակել են օրենսդրական փոփոխությունների նախագիծ՝ իրավական դաշտում բացերը վերացնելու նպատակով, և ՄԱԿ ՓԳՀ աջակցությամբ ընդունել 7 ստանդարտ ընթացակարգ՝ ապահովելու ապաստանի ընթացակարգերի հետևողական կիրառումը միջազգային չափանիշներին համապաատսխան, ինչպես նաև նոր հաստիք են բացել ծագման երկրի վերաբերյալ տեղեկատվական հետազոտություն իրականացնելու համար»- ասաց Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ-ի Ներկայացուցիչ պն. Քրիստոֆ Բիրվիրթը:
Ավելի քան 100 տարածաշրջանային համաժողովների, միասնական դասընթացների, ճանաչողական այցերի և մասնագիտացված դասընթացների անցկացման շնորհիվ ծրագիրն օգնել է մասնակից երկրներին միջոցներ ձեռնարկել վերացնելու առավել լուրջ թերությունները և ընդլայնել ապաստանի հարցերով գործնական համագործակցությունը: ԵՄ անդամ երկրներն իրենց լավագույն գործնական խորհուրդներով և հարուստ փորձով են կիսվել տարածաշրջանում համեմատաբար վերջերս ստեղծված ապաստանի համակարգերի հետ: Արևելյան Եվրոպայի միգրացիայի աշխատակիցներին հնարավորություն է ընձեռվել ուսումնասիրելու որոշ դասընթացային մոդուլներ, որոնք մշակվել են Ապաստանի տրամադրման հարցերով զբաղվող եվրոպական բյուրոյի կողմից ԵՄ անդամ երկրների համար: Այս մոդուլների ռուսերեն տարբերակի առկայության շնորհիվ նոր աշխատակցիներին և այլ երկրներին հասանելի են դարձել կարողությունների զարգացմանն ուղղված այդ գործիքները:
ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Միգրացիոն պետական ծառայության պետ պն. Գագիկ Եգանյանը բարձր գնահատեց միջազգային ներգրավվածությունը տարածաշրջանային ծրագրում «Միջազգային փորձն ու աջակցությունը կարևոր դեր են ունեցել Հայաստանում ապաստանի համակարգի հետագա զարգացման գործում» - ասաց պն. Եգանյանը:
«Refworld» վեբկայքի ռուսերեն տարբերակի մեկնարկը (www.refworld.org.ru), որը փախստականի կարգավիճակի որոշման համար անհրաժեշտ առանցքային փաստաթղթերի խոշորագույն առցանց շտեմարանն է համարվում, նպաստել է ծագման երկրների վերաբերյալ նոր, մանրամասն և օբյեկտիվ տվյալների առկա պահանջարկի բավարարմանը: Ապաստանի հարցերով զբաղվող պաշտոնյաներն այժմ անվճար հիմունքներով համապարփակ և անկողմնակալ տեղեկատվության հասանելիության հնարավորություն ունեն, որը կօգնի նրանց ապաստանի դիմումների վերլուծության հարցում:
2013թ. դեկտեմբերից ի վեր ռուսերենով ավելի քան 10.000 փաստաթուղթ է ներբեռնվել կայք, ներառելով հաշվետվություններ, ուղեցույցներ, խորհրդատվական թերթիկներ, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներ, ԵՄ ապաստանի նորմատիվ իրավական ակտեր և համապատասխան ազգային օրենսդրություններ: «Refworld»-ում գոյություն ունեցող Երեխաների, Գենդերային հավասարության և կանանց, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումների, Փախստականների պաշտպանության և Միջազգային միգրացիայի, Փախստականի կարգավիճակի որոշման, ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության համակարգի վերաբերյալ մի շարք թեմատիկ բաժինների առկայությունն օգտակար կլինի նաև առավել լայն լսարանի` մարդու իրավունքների պաշտպանների, դատավորների, գիտաշխատողների և հետազոտողների համար:
Ակնկալվում է, որ այս դրական միտումը հետագայում ևս կշարունակվի, և համագործակցության միջոցով հնարավոր կլինի պաշտպանության կարիք ունեցող անձանց պատշաճ կերպով հայտնաբերել և պաշտպանություն տալ Հայաստանում՝ անկախ իրենց ռասայական, կրոնական և ազգային պատկանելիության, սեռական կողմնորոշման, քաղաքական հայացքների, սեռի և տարիքի: