Close sites icon close
Search form

Search for the country site.

Country profile

Country website

Տաթևիկի պատմությունը․ մասնավոր ընկերություններն օգնում են բարելավել տեղահանված ընտանիքների կյանքը

Stories

Տաթևիկի պատմությունը․ մասնավոր ընկերություններն օգնում են բարելավել տեղահանված ընտանիքների կյանքը

Տաթևիկն ու նրա որդին՝ Արամիկը, տեղահանվել և ապաստան են գտել Հայաստանում, Գյումրի քաղաքում։
26 August 2024 Also available in:

ՄԱԿ ՓԳՀ և գործընկեր կազմակերպության՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի աշխատակիցները նրանց հանդիպեցին տեղահանված ընտանիքներին մարդասիրական օգնություն տրամադրելու ընթացքում։ Տաթևիկը հենց նոր էր ստացել ՄԱԿ ՓԳՀ աջակցությունը՝ Essity տակդիրներ Արամիկի համար և Nike սպորտային հագուստ՝ ամբողջ ընտանիքի համար: Տաթևիկի հետ ջերմ ու մտերմիկ զրույցի ընթացքում մարդասիրական կազմակերպությունները ներկայացուցիչները լսեցին նրա և որդու առօրյայի, կարիքների, հույզերի ու ձգտումների մասին:

«Հայաստանը մեր հարազատ տունն է դարձել, մեզ այստեղ անվտանգ ու հանգիստ ենք զգում, վայելում մեր նոր հարևանների բարյացակամ վերաբերմունքը, նրանց հետ ջերմ ընկերությունը»,- պատմեց Տաթևիկը:

«Իհարկե, դժվար է ամենը սկսել զրոյից, նոր կյանք կառուցել նոր վայրում: Առանց աջակցության՝ Հայաստանի կառավարության և Գյումրի համայնքի, միջազգային կազմակերպությունների աջակցության, մենք չէինք կարողանա ծայրը ծայրին հասցնել, տան վարձը վճարել, սնունդ գնել մեր երեխաների համար… և մենք այդ աջակցության կարիքը դեռ ունենք»,- ավելացրեց նա:

Տաթևիկը տնտեսագետ է, համալսարանի փորձառու դասախոս. տեղահանության պատճառով նոր-նոր է հարմարվում, կյանքը կառուցում Հայաստանում։ «Ես ցանկանում եմ վերադառնալ իմ սիրելի աշխատանքին, դասավանդել, իմ հետազոտությունները շարունակել», - մեզ հետ կիսվեց Տաթևիկը։ «Գյումրին ինձ քաջալերում և ոգևորում է, օգնում տոկուն լինել, չվհատվել։ Գիտե՛մ, որ մի օր ոտքի կկանգնեմ, կաշխատեմ ու կստեղծեմ, իմ ներդրումը կունենամ Հայաստանում»,- վստահորեն ասաց Տաթևիկը։

«Ատիճանաբար ընտելանում ենք, համայնքն ուսումնասիրում, հնարավորություններին ծանոթանում։ Մեզ համար դեռ դժվար է հեռանկարներ ունենալ, պլաններ կառուցել, ձեռնարկել, քանի որ կենսական կարիքները դեռ չեն բավարարվել: Թեև տրամադրված աջակցությունն անգնահատելի է, մենք դեռևս բախվում ենք այնպիսի կարևոր խնդիրների, ինչպիսիք են բնակարանը և զբաղվածությունը: Համայնքի սրտացավ վերաբերմունքն ու օգնությունը իսկապես կարևոր են, բայց շարունակական աջակցություն և լուծումներ են անհրաժեշտ՝ նոր համայնքում բնականոն կյանք վերսկսելու համար»,- նշեց Տաթևիկը:

Տաթևիկի ընտանիքն իսկապես տոկունություն, մեծ կամք և հույս է մարմնավորում: «Հայաստանում մեր գտած խաղաղությունն անգնահատելի է։ Լավ մարդկանց օգնությամբ մենք նոր կյանք կկառուցենք։ Ամենակարևորը խաղաղությունն է, հույսն ու սերը, ջերմ ու բարի մարդկանցով շրջապատված լինելը։»,- ասաց Տաթևիկը և ամուր գրկեց որդուն։

* * *

ՄԱԿ ՓԳՀ-ն խորին շնորհակալություն է հայտնում իր գործընկերներին, ներառյալ՝ մասնավոր ընկերություններին՝ տեղահանված ընտանիքներին ժամանակին և կարևոր աջակցություն տրամադրելու համար։ Այսպիսի կենսական անհրաժեշտության աջակցությունը օգնում է ՄԱԿ ՓԳՀ-ին՝ բավարարել ընտանիքների հիմնական կարիքները և ապահովել նրանց բարեկեցությունը:

2024 թվականին ՄԱԿ ՓԳՀ-ն իր կորպորատիվ գործընկերներ՝ ամերիկյան Nike սպորտային հագուստի և կոշիկի առաջատար ընկերության և շվեդական Essity հիգիենայի և առողջության առաջատար ընկերության ներդրումների շնորհիվ էական աջակցություն ցուցաբերեց տեղահանված անձանց։ Nike-ի կողմից 61,406 կտոր հագուստի և Essity-ի կողմից 269,676 տակդիրի նվիրատվությունն օգնեց ՄԱԿ ՓԳՀ-ին՝ Հայաստանի տասը մարզերի ընդունող համայնքներում բնակվող տեղահանված ընտանիքների կարիքները հոգալ:

ՄԱԿ ՓԳՀ-ի, Nike-ի, Essity-ի, ինչպես նաև Inditex-ի, H&M-ի և Hestra Gloves-ի և Հայաստանում գործող մասնավոր ընկերությունների միջև համագործակցությունը բարելավում է փախստականների կյանքը և աջակցում Հայաստանի կառավարության ու ժողովրդի ջանքերին՝ օգնելու տեղահանված ընտանիքներին՝ նոր կյանք կառուցել ընդունող համայնքներում: