Close sites icon close
Search form

Search for the country site.

Country profile

Country website

Կանայք, որոնք մեզ ոգեշնչում են Կանանց միջազգային օրը

Stories

Կանայք, որոնք մեզ ոգեշնչում են Կանանց միջազգային օրը

Կանանց միջազգային օրը մենք նշում ենք այն կանանց տոնը, որոնք ոչ թե լոկ գոյություն են պահպանում, այլեւ վեր հառնում։ Այս կանայք Հայաստան են եկել՝ իրենց հետ բերելով հուշերով լի ճամպրուկներ, իսկ սրտերում՝ կորստի ցավը։ Պատերազմը, հակամարտությունն ու տեղահանությունը նրանցից խլել են ամեն ինչ՝ հարազատ տուն, կարիերա, միջավայր։ Եվ միակ բանը, որ չի կարողացել խլել՝ նրանց ունեցած հունարն է։
8 March 2025 Also available in:

Լուսանկարիչ Իննան եւ հրուշակագործ Իննան ընկերացան ու զրույց են վարում համեղ խմորեղենի շուրջ. 2024 թ. նոյեմբեր։ © UNHCR/Anahit Hayrapetyan

Նրանց ձեռքերը բազմաշնորհ են, թե՛ ժանյակագործության նուրբ արվեստում, թե՛ խմորի ռիթմիկ հունցմամբ եւ կամ էլ կտավին անվարան վրձնահարվածներով։ Եվ այսպես, չունենալով ոչինչ՝ բացի իրենց արհեստից եւ մեծ վճռականությունից, նրանք նոր սկիզբ են դրել։

Այս տարվա թեման է «ԲՈԼՈՐ կանանց եւ աղջիկներին՝ իրավունքներ, հավասարություն, իրավազորում»։ ՄԱԿ ՓԳՀ-ն ականատես է, թե ինչպես են այս խոսքերը հանապազօրյա ճշմարտության վերածվում փախստական կանանց կյանքում, որոնք իրենց սեփական ապագան են կերտում օրըստօրե՝ կութ առ կութ, վրձնահարված առ վրձնահարված, լավաշ առ լավաշ։

Մեզ ոգեշնչում է Մարալը. սիրահայ մի կին, ով իր արհեստի միջոցով ուժ եւ նպատակ գտավ։ Երբ նա եկավ Հայաստան, ձեռքն առավ իր ժանյակագործության ասեղը եւ իր կիրքը մասնագիտություն դարձրեց։ Հայկական ասեղնագործության, թաղիքագործության, շյուղագործության եւ կարուձեւի վարպետ Մարալն իր հմտությունները վերածել է ծաղկուն բիզնեսի` ճանաչում ձեռք բերելով իր վարպետության համար:

«Կանանց միջազգային տոնն ինձ համար եւս մեկ անգամ հիշեցում է այն մասին, թե ինչքան բանի ենք հասել ոչ միայն որպես կին, այլեւ որպես արարողներ, երազողներ ու վերապրողներ։ Սկզբում ամեն բան անորոշ էր, բայց այսօր վստահ կանգնած եմ եւ իմ սիրելի զբաղմունքը կարողացել եմ վերափոխել մի բանի, որը գոտեպնդում է թե՛ ինձ, թե՛ մյուսներին», - ասում է Մարալը։

Այսօր Մարալը ղեկավարում է ձեռագործով զբաղվող փախստական կանանց խումբը՝ հյուսելով ոչ միայն գեղեցիկ նախշեր, այլեւ նոր հնարավորություններ ուրիշների համար։

Ոգեւորիչ է դիտել հրուշակագործ Իննային, որի սիրելի զբաղմունքն իր մատների տակ ձեւ առնող խմորն է, իր օջախի ջերմությունը, ում հոգին փառավորվում է, երբ տեսնում է՝ ինչպես են մարդիկ վայելում իր պատրաստածը։ Նրա սրճարանից անպակաս թարմ հացի եւ խմորեղենի բույրը սրտաբացորեն դիմավորում են թե՛ տեղացիներին, թե՛ փախստականներին։

Նրա թխած յուրաքանչյուր հացամթերք, յուրաքանչյուր թխուկ իր հարազատ օջախի բույրն ունի ու նոր սկզբի համը։ Իննան հավատում է, որ.

«Թխելն ավելին է, քան պարզապես հացը, դա իմ պատմությունն է, իմ ուժը, որով հարգանքի տուրքն եմ տալիս իմ անցյալին եւ շաղախում իմ ապագան։ Կանանց միջազգային օրն ուզում եմ բոլոր կանանց հիշեցնել, որ անկախ նրանից, թե ուր կնետի ձեզ այս կյանքը, ձեր ոգեւորությունը եւ դիմացկությունն են, որ ձեզ առաջ են մղելու», - հորդորում է Իննան։

Մեզ ոգեշնչում է Օլենա Շեւչուկը՝ ուկրաինացի փախստականը, որն իր դժվարությունները փոխակերպել է նպատակի։ Վճռելով օգնել փախստականներին՝ նա Հայաստանում հիմնեց «Ուկրաինացիներին օգնության շտաբ» ՀԿ-ն (dopomoga.am), դառնալով ուժի աղբյուր եւ ստեղծելով տարածք, որտեղ մարդիկ կարող են գտնել խորհուրդներ, կապեր եւ հույս։ Համայնքային նախաձեռնությունների, շահերի պաշտպանության եւ աներկբա նվիրումով Օլենան իր մարտահրավերները վերածել է հավաքական ուժի հենակետի։ Նրա համար ուրիշներին օգնելը ոչ միայն բարի գործ է, այլեւ պատասխանատվություն եւ միջոց՝ ապահովելու, որ ոչ ոք այլեւս դժվարությանը հանդիման՝ միայնակ չմնա։

«Կանայք յուրաքանչյուր համայնքի հենքն են, որոնք ուր էլ գնան, իրենց հետ բերում են ուժ, դիմացկունություն եւ հույս։ Կանանց միջազգային այս օրը համերաշխություն եմ հայտնում յուրաքանչյուր կնոջ, ով նեցուկ է ուրիշին, ով դժվարությունն առավելության է վերածում եւ հավատում է այնպիսի ապագային, ուր բոլորս միասնաբար ենք հաղթահարում մեր խնդիրները», - անկեղծանում է Օլենան։

Մենք հիանում ենք Աիդայով, ում վարպետացած ձեռքերը սերունդներից ժառանգածն են ներհյուսում իր ստեղծած յուրաքանչյուր ասեղնագործ շղարշին։ Իր տատիկի անունը կրող բուտիկն ավելին է, քան խանութ. այն մշակութապահպան կնոջ ուժի վկայությունն է, որն այդ ուժն, իր հերթին, փոխանցում է մյուսներին։

«Ժամանակին ինձ թվում էր, որ այս արհեստն ընդամենը հմտություն է, բայց հիմա այն տեսնում եմ որպես իմ մեծ առավելությունը եւ ուղերձ այլ կանանց, ապացույց, որ կարող ենք վերստեղծել, արարել եւ բարգավաճել՝ անկախ նրանից, թե ուր կտանի մեզ կյանքը», - իր ապրումներն է կիսում Աիդան։

Մենք ոգեշնչվում ենք Ռիտայով, որն արվեստագետ է եւ փախստական՝ Ղարաբաղից։ Նա նկարում է այն ամենը, ինչը բառերն ի զորու չեն արտահայտել։ Ոգեշնչվելով Պիկասոյից՝ նա իր հույզերը տեղափոխում է կտորե պայուսակների վրա, անցյալի ցավերին միախառնելով ապագայի հույսերը։

«Մի տարի առաջ ես կորցրի իմ տունը, բայց հրաժարվեցի կորցնել անհատականությունս։ Նկարածս յուրաքանչյուր գույն իմ ճամփորդության մի պատառիկ է. ուժի, նորոգման եւ հույսի ընթացք։ Կանանց միջազգային այս օրը ես տոնում եմ յուրաքանչյուր կնոջ մեջ ամփոփված զորությունը՝ ոտքի ելնելու, արարելու եւ ամեն ինչ նորից սկսելու», - պատմում է Ռիտան։

Մենք հիացմունքով ենք նայում KolorArt-ի կանանց. Դանթելինը Հայիթիից, Քրիսթելը, Կլարիսը, Պիերետը՝ Կոնգոյից եւ Լամարանան՝ Գվինեայից։ Միասին նրանք ազգային տիկնիկներ են պատրաստում, հիշեցում դառնալով միմյանց, թե որտեղից են եկել եւ ինչ ապագա են միասին կերտում։

«Մեր պատրաստած յուրաքանչյուր տիկնիկ մեր պատմությունն է պատմում, այն մասին, թե որտեղ ենք եղել, ինչ դժվարություններով անցել եւ ինչ ապագա ենք որոշել ստեղծել։ Տեղահանությունը մեզ մեր տնից է զրկել, այլ ոչ թե արարելու մեր ոգուց։ Կանանց միջազգային օրը տոնում ենք քույրական սիրո, իրար վեր հանող կանանց ուժը, ինչպես նաեւ այն անկոտրում զորությունը, որն իրար մեջ ենք գտնում։ Երբ իրար կողք ենք կանգնում, իրար հետ էլ ոտքի ենք ելնում», - կիսվում է Լամարանան։

Մեր ակնածանքն ենք արտահայտում նաեւ Թինգիին, որը փախստական է Մյանմարից եւ որը պատկանելության նոր ձեւ է գտել՝ սննդի միջոցով։ Բացահայտելով Հայաստանի սերը լավաշի հանդեպ՝ նա իր հայրենիքի համով է այն համեմել՝ ապացուցելով, որ մշակույթները կարող են միահյուսվել, որ ուտելիքը պատկանելության լեզու է եւ որ հարմարվողականությունն ինքնին արվեստ է։

Նա ծիծաղելով ասում է՝ «Լավաշը փրկեց ինձ։ Հիմա ես դրանով իմ գարնանային գլանափաթեթներն եմ պատրաստում եւ մարդիկ ուղղակի պաշտում են այն»։

«Ուժը միայն դիմացկունությունը չէ, դա սերն է, հույսը եւ վերստեղծումը նույնիսկ այն ժամանակ, երբ աշխարհը շարունակ փոխվում է շուրջդ։ Որպես կին, մայր եւ կողակից՝ ես հասկացել եմ, որ իրական դիմացկունությունն այն մարդկանց մեջ է, ովքեր մեզ ամենամոտն են կանգնած եւ ում երազանքները չենք ցանկանում ձախողել։ Կանանց միջազգային այս օրը ցանկանում եմ շնորհավորել յուրաքանչյուր կնոջ, ով ոտքի է կանգնում, ոչ միայն իր համար, այլեւ նրանց, ում սիրում է եւ ում ապագան համարձակվում է կերտել», Թինգի։

Ավելին, քան կանայք. նրանք նոր ապագան կերտողներն են

Այս կանայք կորուստ, անորոշություն եւ հոգս են կրել։ Բայց նրանք հրաժարվում են այս ամենի դրոշմած կնիքը կրել։ Փոխարենը նոր աշխարհ են կառուցում՝ կութ առ կութ, վրնձնահարված առ վրձնահարված, լավաշ առ լավաշ։

Նրանք ավելին են, քան վարպետներ, հացթուխներ եւ նկարիչներ։

Նրանք նոր ուղի հարթող առաջամարտիկներ են, ձեռներեցներ, որոնք ոչնչից ամեն ինչ են ստեղծում, ինչպես նաեւ հաջորդ սերնդին ոգեշնչող առաջնորդներ։

Նրանց ձեռքերը ոչ միայն արարում են, այլ վերստին ապագա կառուցում՝ սիրով, զորությամբ եւ տոկունությամբ։

Բոլոր կանանց եւ աղջիկներին. դուք ձեր մեջ անպարփակ ուժ եք կրում, այնպիսի ուժ, որը կարող է ձեր ճակատագիրը կռել, դժվարություններ հաղթահարել եւ ստեղծել ձեր երազած կյանքը։ Ոչ մի արգելք ձեր կամքից մեծ չէ, ոչ մի մարտահրավեր ձեր խիզախությունից հզոր չէ։ Ձեր ուժն անչափելի է եւ աշխարհը սպասում է ձեր աստեղային ժամին։

Շնորհավոր Կանանց միջազգային օրը։